Հայաստանում գիրք նվիրելը դարձել է սիրելի ավանդույթ. նշվում է Գիրք նվիրելու օրը
CULTUREԱսում են, մարդն իր կյանքում մեկ գիրք պետք է կարդա, բայց այդ մեկը գրքերի անեզր տիեզերքից գտնելու համար՝ պետք է շատ կարդալ:
Գիրքը, գրականությունը, մեր մտերիմն է, սրտակից ընկերը: Այն նորանոր հորիզոններ է բացում մեր առաջ, հնարավորություն տալիս ճանաչել աշխարհը, մարդկային բարդ ու խճճված հարաբերությունները, սովորեցնում է սիրել, երազել, պայքարել ու նույնիսկ... կյանքդ փոխել: 
Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու համար հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 
Մի առիթով Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել  է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: 
«Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր»,- նշել է նա:
 Գիրք նվիրելը Հայաստանում արդեն սիրելի ավանդույթ է դառնում: 
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն, յուրաքանչյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:
			
			
			
			
			
				
			
			
			


