Սալբուտամոլ, պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր առանց դեղատոմսի չեն տրվի
SOCIETY
Առողջապահության նախարարությունը հրապարակել է գրանցված դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկը: Past.am-ը տեղեկացավ, որ այն ներառում է 3470 անուն դեղ, որի մի մասը նույն ազդեցությունն ունեցող դեղեր են, պարզապես տարբեր դեղաչափով, տարբեր երկրների, տարբեր ընկերությունների կողմից արտադրված:
Այն, որ մի շարք դեղեր այսուհետ պետք է միայն դեղատոմսով ստանալ, հայտնի էր արդեն ամիսներ առաջ: Կառավարության՝ համապատասխան նախագծին ծանոթ էինք նաև մենք:
«Դեղերի մասին» նոր օրենքի կարգավորումների համաձայն՝ վերանայվել են դեղատոմսերի գրման և դեղերի բացթողնման կարգն ու դեղատոմսերի ձևերը: Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դեղատոմսերը գրվում են պացիենտի երկարատև բուժումն իրականացնելու, քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդների համար և կարող են օգտագործվել վեց ամսվա կտրվածքով:
Նախագծի համաձայն՝ դեղատոմսը պետք է մնա դեղատանը, հետագայում պատշաճ վերահսկողություն և մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Դեղատոմսային ձևաթղթերը կլինեն չորս տեսակի՝ մեկանգամյա, բազմակի, թմրամիջոց ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի համար: Միաժամանակ հայտարարվել էր, որ հակաբիոտիկների վաճառքը դեղատներում առանց դեղատոմսի կարգելվի:
Այսօր արդեն ուսումնասիրելով առողջապահության նախարարության հրապարակած փաստաթուղթը՝ տեսնում ենք, որ պարտադիր դեղատոմսի առկայություն են պահանջում նաև այնպիսի «առաջին անհրաժեշտության» դեղեր, որոնց ակտիվ բաղադրատարրերն են իբուպրոֆենը, սալբուտամոլը, գլիցինը, դիկլոֆենակը, անգամ՝ պարացետամոլը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ_ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



