«Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը 6000 եվրո կվճարի
SOCIETY
Կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում է ներառվել ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը, որը վերաբերում է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ը 2017 թ. սեպտեմբերի 14-ին հրապարակել էր «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3–րդ հոդվածի (խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում) խախտում: Վճռի համաձայն` Հայաստանը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 6000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Past.am-ը չզեկուցվող հարցերի մեջ ներառված ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ փաստաթղթից տեղեկանում է, որ «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2018 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ արդարադատության նախարարությանը 2018 թ. 1-ին եռամսյակում 6000 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի:
Դիմումատուն՝ Ալիկ Մաթևոսյանը, դատապարտվել է ծառայակցին սպանելու մեղադրանքով: Նա պնդել է, որ Կապանի ռազմական ոստիկանության բաժանմունքում գտնվելու ընթացքում խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների: Ըստ ՄԻԵԴ ուղարկված գանգատի՝ նրան ծեծել են ու ստիպել ընդունել սպանությունը: Նա շեշտել է նաև, որ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումների առնչությամբ իշխանությունները ադյունավետ քննություն չեն իրականացրել:
Ալիկ Մաթևոսյանը 2007թ․ 9,5 տարվա ազատազրկման է դատապարտվել, որից հետո բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան: Այդուհանդերձ, գործը հետ է ուղարկվել Վերաքննիչ դատարան ու Մաթևոսյանի կալանքի ժամկետը երկարացվել էր:
Աննա Բադալյան



