Սպառնալիքներով գրառում կատարած անձի ինքնությունը պարզվել է, բայց անունը չի հրապարակվում
SOCIETY«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքներով գրառում կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
««Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումներն անմիջապես ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Այդ փուլում պարզվել է այն անձը, ով համապատասխան գրառումներ է կատարել խմբագրի նկատմամբ: Նա հրավիրվել է ոստիկանություն, նրանից վերցվել է բացատրություն:
Արդյունքում նյութերում քրեական գործ հարուցելու հիմքերը բավարար համարելով՝ հսկողություն իրականացնող դատախազը այդ փաստով հարուցել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու համար»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Նրա խոսքով` քննիչը այս քրեական գործի վարույթ կընդունի, կհրավիրի հաղորդում տված անձին, նրան կտա տուժողի կարգավիճակ և կիրականացվի օբյեկտիվ քննություն:
«Քրեական դատավարության օրենսգիրքը նյութերի նախապատրաստման համար տրամադրում է տասնօրյա ժամկետ, և այդ ժամկետում էլ կատարվել են նյութերի նախապատրաստումն ու քրեական գործի հարուցումը,- լրագրողներին ասել է Դավթյանը:



