Բերքաշատցիներն իրենց անտեսված են համարում
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Թե՛ ոտքով և թե՛ տրանսպորտով Արմավիրի մարզի Բերքաշատ համայնք գնալու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Բերքաշատ տանող խորդուբորդ ճանապարհները ձմռանը մերկասառույցով են պատվում, աշնանն ու գարնանը՝ ցեխով, և այստեղ հասնելն իսկական պատուհաս է դառնում։ Խորդուբորդ ճանապարհների պատճառով քիչ չեն վթարներն ու դժբախտ պատահարները: Համայնք տանող 2–3 կիլոմետր ճանապարհն այսպիսի վիճակում է:
«Ճանապարհ «վաբշե» չունենք, մեր գյուղի ճանապարհները լրիվ քանդված են: Ամռանը չենք կարողանում էս ճամփեքով քայլել: Լրիվ քար է, որ մի րոպե ուշադրությունդ շեղես՝ ոտքդ մի տեղ կխփես կամ կոլորես»,–«Փաստ»–ի հետ զրույցում բողոքեցին տեղացիները:
Բերքաշատը գտնվում է Արմավիր մարզկենտրոնից 22 կիլոմետր հեռավորության վրա, որից այն կողմ միայն Արաքս գետն է` հայ–թուրքական սահմանը: Այն սահմանամերձ համայնք է: Երթուղային տաքսիներն այնքան էլ լավ չեն աշխատում:
«Օր կա՝ գալիս են, օր կա` չեն գալիս, ասում են` օգուտ չենք ստանում, քիչ մարդ է գնում–գալիս, իրանք էլ իրանց հարմարությանն են նայում»,– դժգոհեցին նրանք` ավելացնելով, որ հատկապես ձմռանը երթուղային տաքսիների բացակայությունը շատ է զգացվում. «Պետք է ահագին քայլես, մինչև մի ծանոթ մարդու հանդիպես, որ քեզ տանի քաղաք: Ձմռան ցրտին, սառույցին դժվար է քայլելը»:
Տարբերհարցերովձեռքմեկնելուխնդրանքովդիմելենորտեղասես, բայցոչմիօգնությունայդպեսէլԲերքաշատչիհասել։
«Ասել են, որ տենդերի մեջ կա ընդգրկված, ու այդպես էլ ոչ մի բան էլ չեն արել»,– պարզաբանեց համայնքի ղեկավար Հարություն Չվչվյանը:
Բյուջեով խնդիրը լուծել անհնար է:
«7 միլիոն է բյուջեն, դրանով ի՞նչ կարող ես անել»,– ասաց նա:
660 բնակչություն ունեցող համայնքն արդեն գազով ապահովված է:
Այստեղ միայն գործող միջնակարգ դպրոցն ու բուժամբուլատորիան են գտնվում քիչ թե շատ բարվոք վիճակում, սակայն, չեն ջեռուցվում:
«Դպրոցն էլեկտրաէներգիայով է ջեռուցվում, այդ խնդիրն այս տարվա մեջ կլուծենք»,– ասաց նա:
Ըստ բերքաշատցիների՝ համայնքը փոքր է, բայց խնդիրներով` ամենամեծը։ Նրանք իրենց անտեսված են համարում, քանի որ տարիներով կուտակված խնդիրներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
Ձմռանն ամբուլատորիայի անձնակազմը հավաքվում է մի սենյակում և էլեկտրական սալիկի օգնությամբ փորձում տաքանալ, իսկ դպրոցին հեղուկ վառելիք է տրամադրվում։ Մշակույթի տունն ու գրադարանը վթարային են։ Խմելու ջուրն այստեղ ևս պրոբլեմ է։ Խմելու ջրի ներքին ցանցի խողովակներն իրենց դարն ապրած են, հաճախ են վթարվում և գյուղացիներին առանց ջուր թողնում:
Բնակիչներն այստեղ հաց վաստակում են անասնապահության շնորհիվ: Համայնքի ղեկավարը փաստեց, որ մեկ տարվա ընթացքում անասնագլխաքանակը 300–ով ավելացել է:
«Միսը կիլոգրամը 2700 դրամով վաճառում են, վատ չի գործերը, կարողանում են «յոլա» գնալ»,– եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանյա Պողոսյան



