«Զինուժ մեդիան» կմիավորի ոլորտում աշխատող հիմնարկները
SOCIETYԿառավարության որոշմամբ ստեղծվում է Պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ, վերակազմավորելով «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ դա պայմանավորված է ՊՆ լրատվական դաշտում առկա խնդիրների լուծմամբ և մասնագիտական գործունեության էական բարեփոխմամբ:
«Զինուժ մեդիա» պետական հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության գնահատմանը, համացանցում տեղեկատվական ներգործության դիմակայմանը և հասարակության մեջ զինված ուժերի վերաբերյալ դրական կարծիքի ձևավորմանը:
«Ըստ այդմ՝ եթե լրատվական արտադրանք և մշակութային ծրագրեր ապահովող ստորաբաժանումները, մասնավորապես` ««Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» և «Սպայի տուն» պետական հիմնարկները, միավորվեն և գործեն մեկ տարածքում, ապա ռեսուրսի փոխլրացման շնորհիվ կառույցի ամբողջ աշխատանքն առավել արդյունավետ կդառնա»,- ասաց նախարարը։



