Աշոտ Մանուչարյան. «Ղարաբաղյան շարժման ձեռք բերածը ծածկել ենք փալաս–փուլուսով»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
«Ղարաբաղյան շարժումը տվեց մարդու այն նկարագիրը, որ նա չպետք է լինի գող, ավազակ, խորամանկ, այլ լինի ուրիշ երկիր, ուրիշ հասարակություն և մարդ՝ ավելի վեհ գաղափարներով: «Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով շարժման 30–ամյակին:
«Մենք, ի տարբերություն մոլորակի շատ բնակիչների, տեսել ենք, որ այդպիսի բան հնարավոր է: Այդ հիմնականը գերազանցում է ցանկացած այլ բանի, եթե անգամ նվաճեինք ամբողջը, ինչը մեր հայրենիքն ենք համարում, կազմաքանդեինք մեր բոլոր հակառակորդներին և ոչ մի թշնամի գոյություն չունենար:
Դա ավելի քիչ կլիներ, քան այդ պատկերացումը, որ մեր ժողովուրդը ստացավ: Իսկ հիմա ղարաբաղյան շարժման մեջ հենց այդ կետը մոռացության է տրվում: Շատ շատերը, այդ թվում շարժման ակտիվ մասնակիցները, մտան առևտրի, մոլուցքների աշխարհը: Ղարաբաղյան շարժումն իսկական մարդու տեսակը մեզ ցույց տվեց: Ժողովուրդը դա պետք է կարողանա ճիշտ պահպանել հիշողության մեջ»,– նշեց նա:
Մանուչարյանի կարծիքով՝ ղարաբաղյան շարժման նախանշած ուղուց այսօր շեղում է նկատվում:
«Հեռացել է այն իմաստով, որ շարժման մասնակիցները մոռացել են, թե ովքեր են իրենք, ինչ նպատակներ ունեն: Մեր ժողովուրդն այդ ընթացքում մի շարք մեծ հայտնագործություններ կատարեց իր համար, որը 30 տարի է բոլոր կողմերից համոզում են, որ մոռանա: Այսօրվա աշխարհը, որը կողոպուտի, մոլուցքի աշխարհն է, այդ վեհ մարդը խանգարում է:
Ղարաբաղյան շրջանի մարդը ապրում էր վեհ գաղափարներով, մարդը այն ժամանակ տնից տանում էր դեպի աշխարհը, իսկ այսօրվա մարդը ամեն ինչ ցանկանում է պոկել և տանել դեպի տուն»,– ասաց նա:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամն ասաց, որ այսօր 30 տարի առաջ ձեռք բերվածից հակառակ դեմքով ենք կանգնած: Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ դավաճանում ենք այն բոլոր սկզբունքներին, որն այն ժամանակ ունեինք:
«Շեղվել է իր մարդկային ուղուց, ինչպես ազատամարտիկներից մեկն ասաց՝ վերածվել է մի խոզագայլի, բայց շարժման ստեղծողների հոգու խորքում դրանք կան, ուղղակի ծածկել են փալաս–փուլուսով, որոնք մոլերից գնում են, որպեսզի չերևան այն մոլուցքները, որով ապրում են:
Ինչ–որ մեկը մեր գլուխը մտցրել է, որ դա է ճիշտ ձևը: Այդ փալաս–փուլուսները, սակայն, ժամանակավոր են: Ոչ թե պետք է մտածել, որ այն օրվա մարդը կեղծ էր, այսօր է այդ մարդը կեղծ, նա շեղվել է իր իրական մարդկային էությունից: Այսօրվա մարդն այն օրվա մարդուն նայում է այն աչքերով, ինչպիսին ինքն այսօր է:
Այսօրվա աշխարհը գիշատիչ մարդու աշխարհ է՝ գող, ավազակ, հրմշտող, իրենը պոկող, ու այսօրվա մարդուն թվում է, թե այն տարիներին էլ մարդը այդպիսին է եղել, մինչդեռ այն ժամանակ թե մարդը, թե երկիրը, թե հասարակությունը լրիվ ուրիշ են եղել. այն ժամանակվա մարդը տնից ամեն ինչը տանում էր դեպի աշխարհ, որովհետև ինքը աշխարհ էր հաստատում, իսկ այսօր մարդը ամեն ինչ փախցնում–տանում է տուն. ինքն է, իր ես–ը ու իր աշխարհը»,– եզրափակեց նա:
Մանյա Պողոսյան



