Կսահմանվեն նորմատիվ պահանջներ
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ստուգման համար ստուգաթերթեր կսահմանվեն, ինչը պայմանավորված է նախադպրոցական, հանրակրթական և մանկական այլ հաստատություններում որպես հանրային սննդի կազմակերպման առանձնակի պահանջ, որոնք, ի դեպ, բնորոշ են միայն այս հաստատություններին:
Սրա վերաբերյալ արդեն իսկ մշակվել է նախագիծ՝ «Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության նորմերը և սանիտարահիգիենիկ պահանջները հաստատելու մասին» անվամբ:
Նախագծի ընդունման դեպքում կսահմանվեն հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ստուգման համար նախատեսված ստուգաթերթերը:
Մինչ նախագծի մշակումը նախադպրոցական և հանրակրթական հաստատություններն ու դրանց մատակարարները ստուգվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28–ի N 338–Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի հանրային կազմակերպությունների համար ստուգաթերթով, որի վերահսկողական բնույթի հարցերի շրջանակը ներառում էր ընդհանուր պահանջներ վերը նշված հաստատությունների համար, իսկ առանձնահատուկ պահանջների համար առկա է նորմատիվ իրավական ակտի բաց: Հենց այս բացը լրացնելու համար է նոր նախագիծ մշակվել:
Նախագիծը նպատակ ունի սահմանելու հանրակրթական և նախադպրոցական հաստատություններին բնորոշ և առանձնակի նորմատիվ պահանջներ:
Այս պահանջների սահմանումը հնարավորություն կտա այսուհետ վերահսկողությունը իրականացնել հաշվի առնելով նշված կազմակերպություններին բնորոշ առանձնահատկությունները:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում սննդամթերք մատակարարող, կազմակերպող և մատուցող սննդի շղթայի օպերատորների գործառնությունների համար նորմատիվ պահանջների սահմանում, որը կնպաստի ստուգումների հստակեցմանը, բարելավմանը, թափանցիկությանը և որի արդյունքում կիրականացվի արդյունավետ վերահսկողություն:



