Ջերմուկի Համո. «Պատերազմի վտանգ կա»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
1992 թ. հունվարի 28–ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ ազդարարելով Ազգային բանակի ստեղծման մասին: ԼՂՀ և ՀՀ Մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո) պատերազմական իրադրության առաջին իսկ օրերից առաջնագծում էր: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հրամանատարը նկատեց, որ պատերազմը սկսվել է, բայց չի ավարտվել, պարզապես կան կանոններ, որոնք պետք է հարգել ու պահպանել և՛ խաբուսիկ խաղաղության, և՛ պատերազմի ժամանակ:
«Երբ Արցախի հարցը դարձավ պահի հրամայական ու մեր ժողովուրդը ոտքի կանգնեց, բանակի մասին երազանք էլ չունեինք: Կամավորական ջոկատներով մեկնեցինք Արցախ, ու մեզ միավորողը հայի ոգին էր ու հաղթանակի ձգտումը: Առաջին օրերին մենակ էի, հետո դարձանք 10 հոգի, մի քանի ամսից՝ 100–ից ավելի էինք: Ամեն մեկս մեր տարածքի սահմանին էինք: Մեր գյուղը՝ Հերհերը, նույնպես սահմանային է ու ես իմ ջոկատով պաշտպանում էի մեր գյուղի սահմանները: Մեր ձորերում շատ թուրքեր կային, ու պետք է զբաղվեինք այդ հարցով»,–պատմեց հրամանատարը:
1991 թվականին «Ջերմուկ» ջոկատը Շահումյանում էր:
«Սպարապետը, Ալիկ Պետրոսյանին ուղարկեց Ջերմուկ, ով ինձ բացատրեց՝ բանակ է ձևավորվում ու պետք է համակարգված լինեն մեր գործողությունները: Իմ ջոկատով գնացինք Արցախ: Արաքսի հունով մեկ արյուն թափեցինք, բայց հաղթեցինք...»,– մանրամասնում է Մուշեղ Բաբայանը:
Մուշեղ Բաբայանը ընդգծում է՝ ապրիլյան պատերազմը սպասելի էր ու կրկնությունը չի բացառվում:
Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը երկու հրամանատարներ՝ Մասիսի Սայադը (գնդապետ Սայեն Հայրապետյան) և Ջերմուկի Համոն (Մուշեղ Բաբայան) կազմավորեցին 250 անդամից բաղկացած նոր ջոկատ, որը «Հայդուկ» անվանումը ստացավ: Ջոկատի անդամները մշտապես պատրաստ են ենթարկվելու հրամանատարների հրահանգին:
«Պատերազմը ընթացքի մեջ է: Այն կվերջանա այն օրը, երբ ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Այս տարի ընտրական տարի է՝ Հայաստանում, Արցախում ու նաև Ադրբեջանում: Ես չեմ բացառում, որ ռազմական թեժ իրավիճակ ստեղծվի: Դա կարող է լինել Ալիևի հերթական սադրանքը: Գաղտնիք չէ, որ Ալիևին ատում են անգամ իր հայրենակիցները, ու նա գահը պահելու և մարդկանց ուշադրությունը շեղելու համար չի խորշի արյուն թափելուց:
Մենք պատրաստ ենք էլի կռվելու ու անպայման կհաղթենք, բայց մեր երեխեքի համար մեր սիրտը բոլորովին ուրիշ կերպ է ցավում: Նրանք պատերազմի դաշտում անօգնական են թողնում իրենց վիրավորներին, իսկ մենք մեր զոհերին ենք դուրս բերում կռվի դաշտից: Այ սա է մեր ու իրենց տարբերությունը: Ես միայն մի բան կասեմ, որ թուրքերը առաջին դասարանից հայատյացություն են մտցնում իրենց երեխեքի մեջ, իսկ մենք՝ մարդասիրություն: Պատերազմի ժամանակ ենք միայն հասկանում, որ փոքր ազգ ենք ու պետք է մի քիչ եսապաշտ լինենք, որ գոյատևենք»:
Մարտական խաչերի ասպետը կիսվեց նաև իր մյուս մտահոգությամբ: Նրա խոսքով՝ հեռուստաեթերը լցված է ցածրակարգ արտադրանքով, որը հոգեբանորեն ճնշում է հայ մարդուն ու սխալ դաստիարակում երեխաներին:
«Սարսափելի զայրանում եմ, երբ մեր ալիքներով հնդկական ու չգիտեմ էլ ինչական էժանագին ֆիլմեր եմ տեսնում: Չի կարելի լացացնել մեր ազգին:Ամեն վայրկյան պետք է մտածենք, որ պատերազմը դռան շեմին է, ու մեզ մեր հայկական ֆիլմերը, երգերը ու մուլտֆիլմերը կարող են ուժեղ պահել»,– նշեց հրամանատարը:
Լուսինե Ղազարյան



