Իրականում թուրքերը պայքարում են Թուրքիայի մասնատման ծրագրի դեմ
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
Թուրքական մամուլի տարածած տեղեկությունների համաձայն Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների մի խումբ տեղակայվել է Սիրիայի Իդլիբ քաղաքից հյուսիս–արևելք ընկած հատվածում և թուրքական զինուժը ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Իդլիբ–Աֆրին սահմանային հատվածի վրա՝ հարավից: Մյուս կողմից Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա և զինծառայողներ ուղարկել Իդլիբ նահանգ: Բացի այդ, ըստ թուրքական պարբերականի՝ Աֆրինում նոր ռազմական գործողությունների համար պատրաստությունները ավարտվել են, այն գրեթե ամբողջությամբ շրջափակվել է թուրքական զորքերով:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, սակայն, նշում է, որ ավելի վաղ, երբ քրդերը ժամանակին գրավեցին Եփրատ գետից արևմուտք գտնվող հատվածը, Թուրքիան հայտարարեց, որ դա չի հանդուրժի:
Թուրքիայի աչքի առջև է մեծ Մերձավոր Արևելքի մասնատման ծրագիրը, որի 23 երկրների թվում է նաև իր երկրի անունը: Եվ դա է պատճառը, որ Թուրքիան Ամերիկայի քրդական ծրագիրը սվիններով է ընդունում և ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել դրա հետ: Այդ մասին 2006 թվականին Կոնդոլիզա Ռայսը թուքերին ուղիղ տեքստով է ասել: Եվ այդ է պատճառը, որ եթե ներկայիս սիրիական տարածքի՝ Եփրատից դեպի արևելք ընկած հատվածից մինչև Իրաքի սահման քրդական պետություն ձևավորվի, ապա այն կներառի Աֆրինը ու քրդերը կկարողանան դուրս գալ Միջերկրական ծով:
Արաբական գարնան ծրագրի ու մեծ Մերձավոր Արևելքի երկրների մասնատման ծրագրի միաժամանակ շրջանառության մեջ դնելուց հետո, շատ երկրներ արդեն մասնատվել են:
Այս ընթացքում արդեն Լիբիան հասցրել է յոթ մասի բաժանվել և այնտեղ ձևավորվել է յոթ տարբեր կառավարություն, Իրաքը դե ֆակտո մասնատված է: Սիրիական դեպքերը մասնատեցին նաև Սիրիան և Եփրատ գետից մինչև հյուսիս–արևելյան շրջանները, ինչպես նաև Եփրատից մինչև հյուսիսային Իրաք ընկած հատվածը, որը երկրի տարածքի մոտ 30 տոկոսն է կազմում, այլևս Բաշար ալ Ասադի գերիշխանության տակ չեն:
«Հերթը հիմա Թուրքիայինն է: Իրականում Թուրքիան Սիրիայի դեմ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից վարվող քաղաքականությունը դիտում է որպես իր երկրի մասնատման սպառնալիք, իսկ Արևմուտքը Թուրքիային դիտում է որպես իրենց մերձավորարևելյան քաղաքականության խոչընդոտը: Եվ ինչքան էլ թուրքերը պաշտոնական Մոսկվայի հետ համագործակցեն, այնուամենայնիվ ռուսները թուքական կողմին չեն վստահում: Բացի այդ, ռուսական կողմն էլ իր շահերն ունի: Չնայած, Թուրքիային ամերիկացիների գիրկը չմղելու համար ռուսները նրանց հետ ինչ–որ տեղ համաձայնում են»,– ասաց թուրքագետը:
Եթե Արևմուտքի ծրագիրն իրականություն դառնա, այդ դեպքում թուրքերը շատ արագ քրդական պաշարման մեջ կհայտնվեն: Եվ այդ պատճառով է, որ բավականին անհանգստացած են:
«Բայց, հետաքրքիրն այն է, որ երբ թուրքերը շարժվեցին Աֆրինի ուղղությամբ, այդտեղ ոչ մեծ քանակությամբ ռուսական զորք կար: Իսկ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ եթե թուրքական զորքերը խախտեն սահմանը, ապա իրենք կկրակեն: Սակայն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ոչ մի գործողություն էլ չձեռնարկեցին: Այդ ժամանակ պարզ դարձավ նաև, որ թուրքական և ռուսական ուժերը համագործակցում են նաև այդ պատճառով, որ սիրիական ուժերը որևէ քայլ չձեռնարկեցին»,– ասաց Հակոբ Չաքրյանը:
Իրականում թուրքական կողմի նպատակն է քրդաբնակ Աֆրինն ազատագրել տեղացի քրդերից և քրդերի գերիշխանությանը վերջ դնել: Թուրքերի ծրագրերը, սակայն, այդքանով չեն ավարտվում, համոզված է թուրքագետը: Եթե նրանց հաջողվի վերցնել Աֆրինը, ապա թուրքերը կշարժվեն դեպի Մենբիչ:
«Բայց այստեղ արդեն ամերիկյան զորքեր կան և ամերիկյան դրոշներ են ծածանվում, իսկ արևելքում էլ քրդական պետություն է ձևավորվում մինչև Իրաքի սահման: Եվ եթե ԱՄՆ–ին հաջողվի այդ տարածքում ձևավորել քրդական պետություն, ապա դրանով Միացյալ Նահանգները կկանխի Իրանի ներթափանցումը Սիրիա»,– ասաց Հ. Չաքրյանը:
Թուրքագետի կարծիքով սա էլ իր հերթին կհանգեցնի ռուս–իրանական դաշինքի թուլացմանը, սակայն խնդիրն այն է, որ Աֆրինի վրա հարձակումից հետո սիրիական բանակը հասցրել է շարժվել դեպի Իդլիբ, որտեղ գերիշխում է «Ալ–նուսրա» խմբավորումը: Հ. Չաքրյանի խոսքով ուր որ է սիրիական բանակը կգրավի Իդլիբը, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, այս պահին դժվար է ասել:
«Ենթադրվում է, որ նախքան Աֆրինի անկումը, Ասադի զորքերը կմտնեն Իդլիբ: Քրդերը մի քանի տարբերակ են քննարկել՝ թողնել ամեն ինչ և փախչել, Աֆրինը հանձնել ռուսներին, համաձայնել Ասադի վարչակարգի հետ կամ դիմադրել: Այս պահին ընտրել են վերջին տարբերակը և փորձում են դիմադրել, իսկ եթե թուրքերը մտնեն քաղաք, նրանք բավականին զոհեր կունենան, որից շատ են խուսափում թուրքերը»,– ասաց Հ. Չաքրյանը:
Այս օրերին, սակայն, այնպիսի քաոս է տիրում, համոզված է թուրքագետը, որ դժվար է որևէ կանխատեսում անել: Սակայն, եթե այնպես ստացվի, որ Աֆրինից հետո շարժվեն Մենբիչի ուղղությամբ, ապա թուրքական ծրագրի և ցանկությունների մասին հնարավոր կլինի ավելի խորքային պատկերացում կազմել, որից հետո նաև, որոշ չափով, կհստակեցվեն հետագա քայլերը:
Արմինե Գրիգորյան



