Ատոմ Մարգարյան. «Մարզերի մեծ մասում շինարարությունը մնացել է լճացած վիճակում»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում շինարարության ոլորտը 2017 թվականին դուրս է եկել լճացումից: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Վկայակոչելով վիճակագրական տվյալները, նա հայտնեց, որ նախորդ տարվա վերջին արդեն այս ոլորտում դրական տեղաշարժեր են գրանցվել:
«Դեկտեմբեր ամսվա եղանակային պայմանները բարենպաստ էին և ներդրումային ծրագրերը ընթացք են ունեցել»,– մատնանշեց նա: Մեր երկրում շինարարությունը հիմնականում կատարվում է կազմակերպությունների, միջազգային վարկերի, բնակչության միջոցների ու պետբյուջեի հաշվին։ Այստեղ 42,7% մասնաբաժինն ապահովում են մասնավոր ընկերությունները, մոտ 20%–ը կատարվում է միջազգային վարկերի հաշվին, իսկ բնակչության միջոցով՝ 25%–ը: Ներդրումներն ավելի համեստ են պետական բյուջեի հաշվին: Այս բոլորը հանրագումարի բերելով, ըստ տնտեսագետի, ոլորտում թույլ աճ է գրանցվել:
Իսկ արձանագրված աճն ի՞նչ գործոններով էր պայմանավորված հարցին, Մարգարյանը պատասխանեց.«Ռուսաստանում հատկապես 2017 թվականը կարելի է տնտեսական աճի վերականգնման ժամանակահատված անվանել, որի հետևանքով մասնավոր տրանսֆերների փոխանցումն ավելացել է: Սրան զուգահեռ, միջազգային որոշ կառույցների՝ «Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի», «Համաշխարհային բանկի», «Ասիական զարգացման բանկի» միջոցներով շինարարություն է ընթանում հատկապես ճանապարհաշինության ոլորտում»:
Ատոմ Մարգարյանի համոզմամբ՝ այս տարի շինարարությունում ևս աճ կլինի: Ոլորտի աշխուժացմանը նպաստում են նաև բարենպաստ եղանակային պայմանները:
«Շինարարությունը խոցելի է, որը պայմանավորված է նաև բնակլիմայական պայմաններով, իսկ այս տարի այն աննախադեպ էր: Դրական ջերմաստիճանը կնպաստի, որպեսզի շինարարություն ընթանա: Եթե ջերմաստիճանն այսպես շարունակվի, հունվար–փետրվար ամիսներին նույն պատկերը կարող ենք արձանագրել»,– շարունակեց մասնագետը:
Տնտեսագետը նկատեց՝ անշարժ գույքի շուկայում էլ դրական միտումներ կան՝ հաշվի առնելով կնքվող գործարքների թիվը: Դրանց քանակն ավելացել է: Ատոմ Մարգարյանի խոսքով, սակայն, կատարվող շինաշխատանքները ամբողջ հանրապետության տարածքում համաչափ չեն ընթանում:
«Մարզերի մեծ մասում՝ հատկապես սահմանամերձ գոտիներում, շինարարությունը կարելի է ասել շարունակում է մնալ լճացած վիճակում: Աճի հիմնական մասը բաժին է ընկնում Երևանին»,– նկատեց նա:
Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ ոլորտում առկա ստվերը թույլ չի տալիս իրական պատկերն արձանագրել:
«Շատ դժվար է շինարարությունում ֆիքսել ռեալ ծավալները: Օրինակ՝ ինչքան է միջին աշխատավարձերն այստեղ: Պարզվում է, որ հարկային պարտավորություններից խուսափելու համար աշխատավարձերի, շահույթների, շինաշխատանքների ծավալների մի մասը ստվերում են: Եթե այդ ստվերը հանենք, ծավալները պետք է ավելի մեծ լինեն, իսկ աճն ավելի տպավորիչ»,– ընդգծեց տնտեսագետը:
Մանյա Պողոսյան



