Սոցփաթեթից օգտվելու համար նույնականացման քարտի առկայությունը պարտադիր չի լինի ևս մի քանի ամիս
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պայմանը կգործի մայիսի 1–ից:
Նախորդ տարի սահմանվեց, որ 2018 թ. հունվարից 1–ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը: Միաժամանակ պետական մարմիններին հանձնարարվել էր նույնականացման քարտ ձեռք բերած աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:
Պետական մարմիններից ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2017 թ. դեկտեմբերի 20–ի դրությամբ սոցփաթեթի բոլոր շահառուները դիմել են ՀՀ ոստիկանության անձնագրային բաժանմունք՝ նույնականացման քարտ ձեռք բերելու նպատակով, սակայն նրանց միայն 80%–ն է ստացել այն:
Շահառուները սահմանված ժամկետում չեն ստացել նույնականացման քարտ անձնագրային բաժանմունքների ծանրաբեռնվածության պատճառով: Արդյունքում, այն շահառուները, ովքեր չունեն նույնականացման քարտ, չեն կարող օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, այդ թվում՝ առողջապահական փաթեթից:
Նախագծով առաջարկվում է սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պայմանը հունվարի փոխարեն կիրառել մայիսի 1–ից: Քանի որ սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար պարտադիր նախապայման է սահմանվել նույնականացման քարտի առկայությունը, նախագծով առաջարկվում է այդ պայմանը կիրառել նաև սոցիալական փաթեթի միջոցների կանխիկացման դեպքերի համար:
Նախագծի ընդունման դեպքում բոլոր շահառուներին հնարավորություն կտրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում ձեռք բերել նույնականացման քարտեր և նրանք դժվարություններ չեն ունենա իրենց տրամադրված երաշխիքներից օգտվելու համար:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



