Դասասենյակները փայտով են տաքացնում
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Լոռու մարզի Լեջան համայնքի դպրոցն անբարեկարգ վիճակում է։ Այստեղ դպրոցի մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելն իսկական փորձություն է թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Միջանցքը անմխիթար վիճակում է, տանիքն էլ՝ կիսաքանդ: Մի քանի մասնաշենք ունի դպրոցը: 4 մասնաշենքերն իրար կապող միջանցքի տանիքը բաց է՝ ծածկ չկա, ձմռանը ձյունն է լցվում, աշնանն՝ անձրևը։ Ուսուցիչները և երեխաները մի մասնաշենքից մյուսն անցնելիս անձրևի տակ են մնում:
Մասնաշենքերից մեկն արդեն բարեկարգ վիճակում է՝ փոխվել են պատուհանները, դռները: Առաջին մասնաշենքում մուտքի նոր դուռ են տեղադրել: Կատարված աշխատանքները միայն այսքանով չեն ավարտվում:
«Հոսանքագիծն ու կոյուղագիծն ենք փոխել: Դասասենյակներ ենք ավելացրել, որովհետև մեր դասասենյակները պակաս էին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ներկայացրեց դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը:
Շենքը 50%–ով է կառուցված: 2 մասնաշենքն է միայն կառուցված, իսկ մնացածը՝ կիսակառույց է: Տնօրենը պատմեց, որ ամենամեծ խնդիրը միջանցքի անմխիթար վիճակն է: Ծրագրով չեն հասցրել այն էլ բարեկարգել:
«Համարյա թե այդ խնդիրն էլ էինք լուծում, մարզպետարանը կասեցրեց ծրագիրը, հիմա տեսնենք, թե այս տարի ինչ է լինում»,– ասաց Սահակյանը:
Դասասենյակներ չլինելու պատճառով չկան լաբորատորիաներ, միջոցառումների և սպորտ դահլիճ: Արհեստանոցը, գրադարանը, ճաշարանը գործում էր վագոն տնակում, այսօր այդ հարցն արդեն անցյալում է:
«Համարյա 2 միլիոնի գույք ենք բերել հասարակական կազմակերպությունների միջոցով: Սպասք ենք բերել, ճաշարանը հիմա ստանդարտներին համապատասխան է, ջուր ենք քաշել, լվացարաններ ենք տեղադրել»,– հայտնեց նա:
Արվածի կողքին նաև կիսատ մնացած գործեր ունեն: Ջեռուցման համակարգ չի գործում: Դասասենյակները փայտով են տաքացնում: Լեջանում գազ չկա, ստիպված են այս տարբերակով ջեռուցման հարցը լուծել:
«Մեր հույսը կրկին հասարակական կազմակերպություններն են, որոնց միջոցով կկարողանանք ջեռուցման հարցը լուծել»,– ասաց տնօրենը:
Դպրոցն այս պահին 91 աշակերտ ունի: Անահիտ Սահակյանն ուրախությամբ փաստեց, որ վերջին երկու տարիներին աշակերտների թիվն ավելացել է: Դրանում, ըստ նրա, իր ազդեցությունն ունի նաև բարեկարգվող ուսումնական շենքը:
«11–ով աշակերտներն ավելացել են: Այս տարի ավարտող չունենք, բայց նոր ուսումնական տարում ընդունելություն ունենք, մոտ 15 երեխա դպրոց կհաճախի ու 100–ից կանցնենք: Վերջին տարիներին գյուղում բնական աճը բարձր է»,– նշեց մեր զրուցակիցը:
Մանյա Պողոսյան



