ՀՀ նախագահի թեկնածության վերաբերյալ «Ծառուկյան դաշինքում» դեռ քննարկում չի եղել. Շաքե Իսայան
POLITICSՀայաստանյան ներքաղաքական կյանքը ակտիվ փուլ է թեւակոխել: Շուտով ՀՀ-ը կունենա նոր ղեկավար կազմ: Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀԿ կուսակցության կողմից նախագահի թեկնածու դառնալու առաջարկ էր ստացել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով, սակայն, ժամանակ է խնդրել երկրի նախագահից` վերջնական որոշման մասին տեղեկացնելու համար: Թե արդյո՞ք «Ծառուկյան դաշինք» խմբակցության համար ընդունելի է ՀՀԿ թեկնածուն, ու արդյո՞ք դաշինքը հանդես կգա իր թեկնածուով` Past.am պարզեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանից.
«Այո', ՀՀԿ-ն առաջարկել է Արմեն Սարգսյանին լինել նախագահական ընտրություններին իրենց թեկնածուն, սակայն պարոն Սարգսյանը դեռ վերջնական պատասխան չի տվել, քանի որ, ինչպես ինքն էր նշել երկրի նախագահի հետ զրույցում, պետք է հանդիպի քաղաքական ուժերի ու հասարակության կազմակերպությունների հետ: Թե՛ Արմեն Սարգսյանի ու թե՛ մեր կողմից նախագահի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու վերաբերյալ «Ծառուկյան դաշինքում» դեռ քննարկումներ չեն եղել, այդ իսկ պատճառով որեւէ դիրքորոշում չեմ կարող հայտնել: Նման կարեւորագույն հարցի շուրջ մեր խմբակցությունում պարոն Ծառուկյանի գլխավորությամբ կլինի նիստ, որի ընթացքում բոլորը կհայտնեն իրենց կարծիքները եւ նոր որոշում կկայացվի, որից հետո նոր կհնչի մեր պաշտոնական տեսակետը»:



