«Չե՛ք անցկացնի»-ի հանրահավաքն ավարտվեց, հայտնի է նաև հաջորդի օրը
POLITICSԻնչպես հայտնում է Past.am-ը, Երևանի Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հոկտեմբերի 30-ին հրավիրեց հանրահավաք՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:
Ներկաներին չխանգարեց անբարենպաստ եղանակը: Հանրահավաքին ելույթ ունեցան «Չե՛ք անցկացնի»-ի երիտասարդները, ընդդիմադիր գործիչներ՝ ՀԱԿ-ից, ՀԺԿ-ից, «Ժառանգությունից», «Հիմնադիր խորհրդարանից»-, ինչպես նաև Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Մանուկյանն իր ելույթում նշեց. «Գաղտնիք չէ, որ Սահմանադրությունն ամբողջությամբ չի գործում, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը զսպաշապիկ է հանդիսանում Սերժ Սարգսյանին՝ Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնելու համար»:
Մանուկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, որպեսզի Հայաստանում հաստատի հակասահմանադրական կարգեր: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկաներին հավաստիացրեց, որ սուտ են այն խոսակցությունները, թե ընդդիմությունը միասնական չէ:
«Այն քարոզչությունը, որ իշխանությունը տանում է, ամբողջովին հերյուրանք է: Ե՛վ «Նոր Հայաստանը», և՛ «Չե՛ք անցկացնին», և՛ «Ոչ»-ի միասնական շտաբը համախմբված աշխատում են»,-ընդգծեց նա: Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն այն կարծիքին է, որ պետք է ձևավորել 5-8 հոգանոց մի մարմին, ունենալ ընտրատարածքային այդպիսի մարմիններ, որոնք կկարգավորեն հանրային իրազեկման աշխատանքները, ապա տեղամասերում աշխատող մեկական կամ երկուական մարդ է պետք կազմակերպել:
Լևոն Զուրաբյան էլ ասաց. «Թերահավատները պնդում են, որ պայքարն իմաստ չունի, պետք չէ պայքարել, հերթական հիասթափության ալիքն է բարձրանալու: Նման բան ասողները, սակայն, չեն հասկանում, կամ էլ չեն ուզում հասկանալ, որ Հայաստանում ստեղծվել է լրիվ նոր իրավիճակ, նրանք չեն հասկանում, թե ինչ բարդ խնդրի առջև է կանգնած ռեժիմը, նրանց թվում է, թե «այո»-ի թիվը շատ մեծ է, և իսկապես թվում է, թե «այո»-ի թիվը մեծ է՝ այնտեղ է Սերժ Սարգսյանն իր քաղաքական թիմով, այնտեղ են այն քաղաքական ուժերը, որոնք արդեն պայմանավորվել են, որ հանրաքվեի ժամանակ «այո»-ն պաշտպանելու դիմաց նույն ընտրակեղծարարների ձեռքով նրանք կստանան ինչ-որ մի տոկոս՝ հաղթահարելով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 5 տոկոսի շեմը:
Այստեղ են նաև նրանք, ովքեր ձևականորեն «ոչ» ասելով նոր Սահմանադրությանը, ժողովրդին ասում են, որ պայքարելն անիմաստ է, և իրենց միակ առաքելությունն են համարում ժողովրդի մեջ թերահավատություն, հուսահատություն տարածելը»:
Վերջում հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:
Լևոն Փանոսյան



