Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


Կարող է ինչ-որ բանից «ջարդվեմ», բայց շատ արագ ոտքի եմ կանգնում. «Բանակումի» Վարոսն անկեղծանում է մասնագիտական զբաղվածության, բիզնես-գործունեության և ընտանիքի մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը դերասան Վահագն Խաչատրյանն է, ով առավել մեծ ճանաչում և սեր ձեռք բերեց «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալից: Նրան այսօր շատերը հիշում են որպես Վարոս: Անձնական կյանքի, գործունեության և բիզնեսի մասին է մեր անկեղծ զրույցը:

-Վահագ, երկարատև էկրանային լռությունից հետո, կարծեք, թե նորից էկրանային զբաղվածություն ունեք, այո՞: Այլ նախագծերում և՞ս ընդգրկված եք:

-Այո, զբաղված եմ «Ուրիշի հոգին» սերիալում և դեռ այլ պլաններ չունեմ:

-Իսկ թատրո՞ն:

-Ոչ, առհասարակ չեմ ուզում թատրոնում աշխատել:

-Ինչո՞ւ: Թատրոնի աշխատավա՞րձն է պատճառը:

-Դերասան դառնալուց առաջ այդ մասին մտածում ես, հասկանում ես, որ թատրոնով մեծ գումարներ չես վաստակելու… Բայց այսօր չկա այն գաղափարը, որի համար արժի գնալ թատրոն: Չեն բեմադրվում ներկայացումներ, որտեղ մեր արդի խնդիրներն են արծարծվում: Նաև, այս պահին չկա այնպիսի թիմ, որի հետ կցանկանայի աշխատել:

-Նախկինում աշխատե՞լ եք թատրոնում:

-Իհարկե. 2004 թվականին ընդունվել եմ թատերական ինստիտուտ, 2005 թվականին բրիտանական խորհուրդը կազմակերպեց ինտերակտիվ թատրոնի երկշաբաթյա դասընթացներ: Ես և կուրսեցիներիցս մի քանիսը մասնակցել ենք, ընդգրկվել ներկայացումներում… Դա ինտերակտիվ թատրոնի տեսակ է և մինչև հիմա գործում է, այստեղ հավերժական՝ սիրո, դավաճանության թեմաներ չկան, այլ սոցիալական հարցեր են քննարկվում: Հանդիսատեսը ներկայացման ժամանակ փոխարինում է ճնշող կերպարներին: Այդ ներկայացումները միշտ «վատ» ավարտ են ունենում, որպեսզի հանդիսատեսը կարողանա բեմ բարձրանալ և սեփական լուծումը տալ: Ի վերջո, ներկայացման վերջաբանը հանդիսատեսն է որոշում: Նաև Կամերային երաժշտական թատրոնում, Մնջախաղի թատրոնում, Արա Երնջակյանի մոտ՝ Կամերային թատրոնում եմ խաղացել…

-Սակայն հանդիսատեսը Ձեզ առավել շատ ճանաչեց ու սիրեց «Բանակում» հեռուստասերիալից՝ Վարոսի կերպարով:

-Այո, սերիալը մասսայական ճանաչում է բերում, այն էլ մեր փոքր Հայաստանում: Հեռուստատեսությունը նման ֆունկցիա ունի: Բայց թատրոնում այդպես չէ, կարող է շատ տաղանդավոր դերասան լինես, անընդհատ զբաղվածություն ունենաս թատրոնում, բայց քեզ չճանաչեն: Շատերին սկզբունքը թույլ չի տալիս մտնել սերիալ, շատերն էլ ուղղակի չեն ցանկանում էկրաններին երևալ…

-Էկրանային դադարի ընթացքում ինչո՞վ էիք զբաղվում:

-Նախ, սկզբում ծառայության մեջ եմ եղել: Եվ հետ, ես իմ առջև ժամանակին խնդիր էի դրել՝ արվեստով, դերասանի գործունեությամբ զբաղվել մինչև 25 տարեկան, այնուհետև, եթե զգամ, որ այդ ոլորտում պարապուրդի եմ մատնվում, ապա իմ կյանքը պետք է փորձեմ այլ կերպ շարունակել… Հայաստանում դա տղամարդու գործ չէ: Ես չեմ կարող դառնալ «ալկոհոլիկ» կամ նստել «գրիմանոցում» ու բամբասել…

-Եվ ի՞նչ ճանապարհ ընտրեցիք:

-Ծաղկի բիզնես ձեռնարկեցի: Թումանյան-Աբովյան խաչմերուկում ծաղկի սրահ վարձակալեցի, բայց աշխատող չէի պահում, ինքս էլ աշխատում էի: Միայն դիզայնը ինքս չէի անում: Սակայն ներկա պահին ինչ-ինչ պատճառներով այդ բիզնեսը չկա…Այժմ այլ գերծերով եմ զբաղվում: Թեև, սա բիզնես չի, բայց ինձ թվում է՝ մոտ ապագայում նոր բան կձեռնարկեմ:

-Ճանաչումն օգնո՞ւմ էր բիզնեսում:

-Գիտեք, ես գործը սկսելիս դրա վրա չեմ հիմնվել, բացարձակ չեմ մտածել, որ ինձ պետք է ճանաչեն ու դրա համար ինձանից ծաղիկ գնեն: Ասեմ ավելին, երբեմն դա ինձ խանգարել է, մարդիկ մոտենալուց հետո մտածել են՝ «թաքնված տեսախցիկ» է, նկարահանում է ու չեն առել ծաղիկ: Ես էլ չեմ սկսել «կյանքս պատմել»՝ բացատրելով, որ սա նկարահանում չի… Չգիտեմ, միգուցե ինչ-ինչ բաներում օգնել է. օրինակ, երբ մտնում ես ծաղկի շուկա, ապա դիմացինդ քեզ որպես անծանոթ չի մոտենում, իրեն ինչ-որ չափով ծանոթ ես ու վերաբերմունքն էլ որոշակի փոխվում է:

-Դժվար չէ՞ Հայաստանում բիզնես ձեռնարկել:

-Բայց ի՞նչն է հեշտ կյանքում: Ես մի բան եմ հասկացել, մարդու ձեռնարկած գործը հաջողվում է այնքանով, որքանով նա ուզում է: Եթե ես հիմա շատ լուրջ նպատակ ունենամ՝ մեկնել դրսում սովորելու, ապա, կարծում եմ, ինձ ոչինչ չի խնգարի:

-Փաստորեն, լավատես եք: Հե՞շտ է մեր ժամանակներում այդպիսին լինել:

-Միշտ ու ամեն դեպքում: Ու երևի ինձ դա էլ փրկում է (ժպտում է): Այնպես չի, որ ես դրա համար ջանք եմ թափում, ուղղակի դա իմ տեսակն է: Կարող է ինչ-որ բանից «ջարդվեմ», բայց շատ արագ ոտքի եմ կանգնում: Անհաջողությունների դեպքում աշխատում եմ բոլոր հնարավոր միջոցներով ինձ այդ իրավիճակից դուրս բերել, «ցրել»՝ դա կլինի անիմաստ հումոր անելով, ուրախանալով ու պարելով՝ կապ չունի:

-Սերիալում նկարահանվող դերասանի աշխատավարձը բավարարո՞ւմ է ապրելու համար:

-Նայած՝ ինչ դերասան:

-Օրինակ, Ձեզ բավարարո՞ւմ է:

-Եթե բավարարեր, հաստատ ուրիշ բանով չէի զբաղվի: Բայց սա տղամարդու համար հիմնական գործ չի Հայաստանում: Մարդիկ այս կամ այն ասպարեզում ունեն մշտական աշխատանք, կայուն եկամուտ: Բայց երբ քո գործունեությունը կայուն ֆինանսական եկամտի աղբյուր չի ապահովում, ապա դա լավ չի: Եվ հետո, ինչպե՞ս են դառնում պրոֆեսիոնալ մասնագետ՝ ֆուտբոլիստ, երաժիշտ… Իհարկե, օրը 8, 10, 12 ժամ պարապելով, նվագելով: Այ հենց դրա համար էլ մեր երկրում ոչ մի բան պրոֆեսիոնալ չի արվում, բոլորն էլ հազար մասի են բաժանվում: Պրոֆեսիոնալ ոչինչ կա. նույնն է, որ աղբամանի մեջ մաքուր կոնֆետ փնտրես: Այնպես որ ուրախացի նրանով, ինչ կա, ինչ ունես:

-Վահագ, ի վերջո, Ձեր ապագան ո՞ր ոլորտում եք տեսնում:

-Ինչքան էլ լավատես լինեմ, պետք է անկեղծ ասեմ, որ ինձ թվում է՝ Հայաստանում որևէ ոլորտում ապագա չկա: Չեմ կարող ասել, թե վաղը որ ոլորտում կլինեմ, ոչ մի երաշխիք չունեմ: Չգիտեմ, առավոտյան արթնանամ՝ ինչ կլինի այս երկրում: Սա անկայուն երկիր է, բայց դե, ինչ արած, մերն է:

-Այսինքն, Հայաստանից դուրս ե՞ք տեսնում:

-Ոչ, ո՞ւր գնաս, ի՞նչ անես:

-Գնաս այնտեղ, որտեղ ավելի կայուն է… Գուցե հեռանա՞լն էլ հնարավորությունների խնդիր է:

-Դրսում շատ բարեկամներ ունեմ, նորմալ էլ ապրում են: Բայց դա իմ տեղը չի: Նախընտրում եմ այստեղի 500 եվրոն այնտեղի 1500-ի փոխարեն: Ես այստեղ, իմ քաղաքում ամեն մեկին գիտեմ, ընկերներ ունեմ, իրենց տեսակներին ճանաչում եմ: Միգուցե ես դրսում ինձ օրենքով պաշտպանված զգամ, իմ իրավունքները չոտնահարվի այնքան հաճախ, որքան այստեղ, բայց մեկ է, ես սրան եմ սովոր. ինձ դուր է գալիս գիշերվա ժամը 4-ին հանգիստ քայլել իմ քաղաքում…

-Վտանգավոր չի՞:

-Չեմ նկատել որևէ վտանգ: 90-ականներին ավելի վտանգավոր էր, այն ժամանակ փողոցում շներ կային, իսկ հիմա չկան:

-«Բանակում» սերիալի Ձեր Վարոսի կերպարը շատերին էր գրավել իր տաքարյունությամբ: Նույնիսկ «ոտներդ կջարդեմ» արտահայտությունը տարածում գտավ երիտասարդների շրջանակներում: Հետաքրքիր է, նմանություններ ունե՞ք Ձեր կերպարի հետ, իրական կյանքում ոտքեր շա՞տ եք «ջարդել»:

-Չէի ասի: Կռիվներ արել եմ, ո՞վ չի անում: Ինչ վերաբերում է նմանությանը, ապա ինձ թվում է՝ ես այդքան պարզ չեմ, որքան Վարոսը: Թե ինչո՞ւ էր հեռուստադիտողը սիրում այդ կերպարը՝ չգիտեմ, ինձ համար զարմանալի է: Ես չէի սիրի (ծիծաղում է): Իսկապես, մեծ էր հետաքրքրությունը կերպարիս նկատմամբ: Այնքան է պատահել, որ տղաներով գնում էինք մի տեղ «հաց ուտելու», բայց մինչ այդ նկարված էինք լինում ու երևի նշված էր լինում վայրը, պարզվում էր հատուկ եկել են ինձ տեսնելու: Զարմանում էի… Միգուցե իմ դերն է, դրա համա՞ր եմ քննադատաբար մոտենում:

-Սերիալային դաշտը տարիների ընթացքում առաջընթաց ունի՞:

-Գիտեք, երբ նկարահանվում էինք «Բանակումում», նկարահանման հրապարակում անընդհատ ինչ որ պրոցես էր տեղի ունենում: Տղաների հետ ընկերացանք ու մինչև հիմա էլ շփվում ենք: Միասին գնում էինք պարելու, ուտելու…Ինձ թվում էր՝ գնալով դեպի լավն էր շարժվելու: Բայց ապարդյուն, ոչ մի ստեղծագործական պրոցես չկա հիմա, գալիս ես, գործդ անում, գնում… Վերջերս «Սահմանում» սերիալի թրեյլերը տեսա, ինձ հետաքրքրեց: Սպասելիքներ ունեմ այս ֆիլմից:

-Եթե չեմ սխալվում, Ձեր կինը ևս դերասանուհի է, ժամանակին նկարահանվում էր հանրային հեռուստաընկերությունում:

-«Հանուն սիրո» սերիալում էր խաղում… Բայց մենք հիմա ամուսնալուծված ենք…

-Անակնկալ հայտարարություն էր. բալիկ ունեք չէ՞:

-Այո, աղջիկ:

-Ի՞նչն է երիտասարդ զույգերի բաժանման պատճառ դառնում:

-Պատճառները յուրաքանչյուրի դեպքում տարբեր են: Անձամբ ես այս հարցում անկեղծանալ չեմ ցանկանում:

-Իսկ շփումը փոքրիկի հետ պահպանվո՞ւմ է:

-Միանշանակ:

-Ամուսինները կարողանո՞ւմ են ընկերական հարաբերություններ պահել բաժանությունից հետո:

-Դա անհատական է: Նայած ինչպես են բաժանվել. օրինակ, եթե իրար «տվել-սպանել» են, ինչպե՞ս կարող են հետագայում ընկերություն անել…

-Եթե ընտանիքը չմիավորվի, ապա հետագայում Ձեր կողքին ի՞նչ տեսակի մարդու եք պատկերացնում: Կամուսնանա՞ք կրկին դերասանուհու հետ:

-Չգիտեմ՝ ինչ տեսակ մարդու, չես իմանա՝ հետագայում ինչ կլինի: Այս պահի դրությամբ այդ մասին բացարձակ չեմ մտածում, այլ բաներ եմ մտածում: Իսկ ինչ վերաբերում է մասնագիտությանը, ապա իմ բաժանությունը կապ չունի մասնագիտության հետ:

-Երիտասարդ տարիքում ունեցած նմանատիպ դժվարությունները չե՞ն խանգարում ստեղծագործող մարդուն:

-Ոչ, ինչ տարբերություն դերասան ես, թե ոչ: Ընդհակառակը, մտածելը լավ բան է (ժպտում է):

-Խանդո՞տ եք:

-Եթե տեղիք տան՝ այո: Ես այսպես եմ ընկալում. եթե դիմացինը քեզ է խանդում, դու էլ, բնականաբար, պետք է իրեն խանդես: Չի լինում այնպես, որ խանդը միակողմանի լինի: Բայց ասեմ, որ հիվանդագին խանդոտ չեմ:

-Փաստորեն, դուք ուզեք, թե ոչ, միշտ պետք է խանդեք:

-Ինչո՞ւ:

-Որովհետև անընդհատ ուշադրության կենտրոնում եք, աղջիկների շրջապատում ու Ձեզ չեն կարող չխանդել:

-Ամեն մարդ պետք է գիտակցի՝ ում կողքին է գտնվում, կարո՞ղ է նրա հետ ապրել, թե՞ ոչ: Եթե ոչ, ավելի լավ է սկզբում հրաժարվի այդ մարդուց, քան հետագայում անընդհատ «կրծի» կողքինին: Միշտ պետք է քայլերդ հաշվարկված լինեն, հետևանքների մասին մտածես:

-Ձեր քայլերը մի՞շտ են կանխամտածված, թե՞ երբեմն պահն է թելադրում:

-Անկեղծ՝ ես պահով շատ եմ առաջնորդվում: Կարող է հանկարծակի որոշեմ այս կամ այն բանն անել ու անեմ: Բայց լուրջ քայլերս միշտ կանխամտածված են: Շատ մեծ տեղ եմ տալիս նաև իմ հավատին. եթե մի բանի շատ եմ հավատում՝ վստահ եմ լինում, որ այն կիրականանա: Դեռևս կյանքը ցույց է տվել, որ այն, ինչը հավատով ու սիրով եմ արել, որոշ չափով ստացվել է:

-Ի՞նչ է, ընտանիքը սիրո՞վ չեք ստեղծել:

-Ընտանիքը բոլորովին այլ բան է: Չոր հաշվարկ, գործ ու փող չի, որ ներդնես ու ստացվի կամ չստացվի: Դա շատ նուրբ աշխարհ է:

-Վերջին տարիներին արդիական դարձած կին-տղամարդ իրավահավասար հարաբերությունների կողմնակի՞ց եք:

-Բնությունը տղամարդուն ու կնոջն արդեն իսկ հավասար չի ստեղծել, տարբեր օրգանիզմներ են: Կա երաժշտություն, կա նկարչություն… Կարո՞ղ ես երաժշտությունը համեմատել նկարչության հետ: Այնպես որ, կինը կին է, տղամարդը՝ տղամարդ: Հավասար են այնքանով, որ երկուսն էլ մարդ են, շնչում են, զգում են… Բալանսը պետք է պահվի, ըստ իս: Դա ամերիկյան հերթական սարքած բան է: Մեր մշակույթի, տեսակի մեջ չկա, մերը չի: Մեզ մոտ մայրը մայր է, հայրը՝ հայր, ու յուրաքանչյուրն իր տեղն ունի: Որքանով են իրար հավասար, կամ ոչ՝ թող տվյալ ընտանիքը որոշի:

-Ավանդապահ եք:

-Երևի, ուղղակի ես այդպես եմ հասկանում:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ծնունդով Երևանից եմ, ունեմ եղբայր, հայ, մայր, երկու տատիկ: Պապիկներս մահացել են: Մայրս դպրոցում կենսաբանություն է դասավանդում, ես էլ նույն դպրոցն եմ ավարտել: Հայրս վարսահարդար է, աշխատում է «Զվերև» գեղեցկության սրահում, եվրոպայի չեմպիոն է այդ բնագավառում: Զուգահեռ Թատերականին՝ նաև վարսահարդարություն եմ սովորել: Ի՞նչ իմանաս, կարող է կյանքում պետք գալ (ծիծաղում է):

-Կարող եք ընտանեկան բիզնես սկսել՝ սեփական սրահ բացելով:

-Դրա մասին դեռ չեմ մտածել, կարելի է:

-Վահագ, կյանքում զղջման պահեր հաճա՞խ եք ունենում:

-(Մտածում է) չէ, եթե ինչ որ բան չեմ արել, նշանակում է՝ պատճառներ են եղել:

-Ավելի շատ արածների՞ համար եք զղջում:

-Ոչ, պարզ է, որ չարածի համար պետք է զղջաս:

-Ձեր կյանքի ամենալավ ժամանակաշրջանը ո՞րն եք համարում:

-Երևի ուսանողական բուռն ստեղծագործական տարիները: 2004-ից 2010 թվականն ընկած հատվածում շատ վառ ու գունավոր, խիտ տարիներ ենք ապրել, տարբեր փառատոնների ենք մասնակցել: Ի դեպ, ես առաջին մասնագիտությամբ պարող եմ, «Բարեկամություն» համույթում եմ պարել: Ասեմ, որ նաև գիմնաստիկայով, լողով եմ սբաղվել, բրեյք դանս եմ պարել: Գտնում եմ, որ դերասանն ամեն ինչ պետք է կարողանա անել, բեմում կամ նկարահանման հրապարակում տարբեր հմտություններ են պահանջվում:

-Հարաբերություններում ի՞նչը չեք հանդուրժում:

-Սուտը չեմ սիրում: Մնացած ամեն ինչ կարող եմ հասկանալ, պատասխանը գտնել: Իմ թերությունն է, որ չեմ կարողանում խաբել ոչ մի կերպ: Խնդիրը նրանում չի, որ խաբել չգիտեմ, ուղղակի խաբել չեմ սիրում: Եթե որևէ մեկին չեմ ընդունում, սիրում, չեմ էլ կարող իր հետ «от души» շփվել, ասել-խոսել: Եթե չեմ սիրում, կարիք էլ չունեմ ձևեր թափելու… Ու հաճախ տուժում եմ:

-Շա՞տ ընկերներ ունեք:

-Չի կարելի շատ ընկերներ ունենալ: Շատ մարդիկ կան, որոնց հետ շփվում, լավ ժամանակ ենք անցկացնում, սիրում ու հարգում,  օգնում ենք իրար: Բայց նրանք ընկերներ չեն: Մարդը չի կարող շատ ընկերներ ունենալ: Նա այն անձնավորությունն է, ում վստահում ես ամեն ինչ, ում հետ պատրաստ ես տարբեր ճանապարհներ անցնել: Հիմա, իհարկե, ով ում հասնում՝ բարևում, պաչում, կյանքա ասում ու ընկեր կոչում:

-Ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում:

-Ես ակտիվ հանգստի կողմնակից եմ: Շատ եմ սիրում ջուր, ուրախանալ, պարել, երգել: Լողալն ինձ համար կարևոր բաղադրիչ է հանգստի ընթացքում: Ջուրն իմ տարերքն է, եթե Սևանի մոտով եմ անցնում (բնականաբար՝ ոչ ձմռանը), անպայման մտնում, լողում եմ:

-Որքան նկատում եմ՝ վատ սովորություն ունեք:

-Ծխելը՞ նկատի ունեք: Դե հա, ծխում եմ, ինչ ասեմ… Բայց գիտեք, ներկայացման ժամանակ եմ սկսել ծխել: Մինչև 22 տարեկան չէի ծխում: Ներկայացման ժամանակ կերպարս պետք է ծխեր, ու որպեսզի բնական ստացվի՝ ռեժիսորն ասաց, որ նորմալ, «մարդավարի» ծխեմ: Օրը 4 անգամ փորձում էինք, ես էլ 4 անգամ ծխում էի…Հետո արդեն երբ տղաներով հավաքվում էինք թեկուզ «բլոտ» խաղալու, ես էլ էի ծխում… Ու հիմա օրեկան մեկ տուփ ծխում եմ: Բայց ասեմ, որ ես եմ պատրաստում իմ ծխախոտը, այ այսպիսի փոքրիկ ապարատ ունեմ…

-Այլ վատ սովորույթներ էլ ունե՞ք:

-Հա, գիշերները խռռացնում եմ (ծիծաղում է):

-Այսքան զրուցելուց հետո ինչպե՞ս կեզրափակեք:

-Կասեմ, որ այժմ Հայաստանում մարդիկ շատ են չարացած միմյանց դեմ, մարդը մարդու դեմ է չարացել: Ոտքդ տրորելու պատճառով պատրաստ են քեզ սպանել: Այս ամենի պատճառը կենցաղային խնդիրներն են: Շատերն առավոտից գիշեր աշխատում են, որպեսզի գումար հայթայթեն և չեն զբաղվում իրենց երեխաներով, սիրելիներով, ծնողներով: Դրա մեջ կորում են գեղեցիկ երազանքներն ու նպատակները: Ու այդ չարությունը հետո թափում են մեկ ուրիշի գլխին…Այնպես որ, չարությունն է այս պահին ինձ ամենաշատն այս երկրում խանգարում: Տգիտությունը փառաբանվում է մեր երկրում. հազար ափսոս...

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains