Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին
SOCIETYԵրեկ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը կուտակված գույքահարկի, հողի հարկի, ինչպես նաև այլ ոլորտներում ապառքների խնդրի վերաբերյալ էր: «Տեղական ինքնակառավարման ոլորտում, պետական եկամուտների կոմիտեում, ինչպես նաև այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորություններ։
Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի և տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումների, ամբողջական լուծում չեն ստացել, հարկավոր է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը և կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,–նշել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է 1–ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին և ՀՀ մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմների, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրեսնդրական կարգավորումների հստակեցման և նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ։



