Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր
SOCIETYԿողոպտիչը Աչաջրից չէ, գրում է «Փաստ» օրաթերթը
Հունվարի 13–ին երեկոյան անհայտ անձը կոտրել էր Տավուշի մարզի Աչաջուր համայնքի հարևանությամբ գտնվող Մակարավանքի դռան փականը և մուտք գործել եկեղեցի: Կողոպտել էին եկեղեցում վաճառքի դրված փայտե ու երկաթե խաչերը, իսկ այն հուշանվերները, որոնք հնարավոր չէր եղել տանել՝ ամբողջությամբ ոտնատակ էր տրվել:
Այս մասին «Փաստին» տեղեկացրեց Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը: Նրան դեպքի հաջորդ առավոտյան զանգահարել է մոմավաճառ Արմեն Եգանյանը և տեղեկացրել կատարվածի մասին: Ասում է՝ վերջնահաշվարկի արդյունքում պարզվել է, որ տարել են նաև հուշանվերներ, սրբապատկերներ ու փոքրիկ աղոթագրքեր: Կոտրել էին նաև գանձանակի փականը և նվիրատվության գումարը տարել:
«Բարձրացել են խորան, խորանում գտնվող խաչն են վնասել: Սա այն դեպքում, երբ աշխարհիկ մարդիկ իրավունք չունեն խորան բարձրանալ: Ճիշտն ասած, երբ ես Մակարավանք մտա, չհավատացի իմ աչքերին, կարծես կենդանի մտած լիներ, ոչ թե մարդ, անհատ, արարած: Ամբողջությամբ տակնուվրա էին արել վանքը: Մեր համայնքի՝ Աչաջրի համար Մակարավանքը, որպես սրբատեղի, մեծ նշանակություն ունի, ժողովուրդն իմանալով այս դեպքի մասին՝ մեծ ցավ է ապրում:
Գողացողը պետք է իմանա, թե համայնքի, ժողովրդի ինչպիսի հոգևոր արժեքների հետ է խաղացել: Նա պատասխանատու պետք է լիներ այդպիսի արարք կատարելուց առաջ»,– պատմեց մեզ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ անմիջապես զանգահարել է ոստիկանություն, ինչի հիման վրա գործ է հարուցվել: Ոստիկանները եկել, հետաքննել են և հիմա զբաղվում են այդ գործով: Տեր Արշավիր քահանա Ասատրյանի փոխանցմամբ՝ առաջին տեղեկությունը, որ նրանք ունեն, այն է, որ կողոպտիչը Աչաջուր համայնքից չէ: Այս մասին նրան տեղեկացրել են ոստիկանությունից՝ նշելով, թե իրենք գործ չունեն Աչաջուր համայնքի հետ, գողություն կատարողը այլ համայնքից է:
Նշենք, որ Մակարավանքը 13–րդ դարի հայկական վանական համալիր է, գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ–արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո–Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



