Միքայել Մելքումյանը Հայաստանում իշխանության գալու միակ ճիշտ ճանապարհը ընտրություններն է համարում
POLITICSՀայաստանում իշխանության գալու միակ և ճիշտ եղանակը ընտրությունների միջոցով իշխանության մաս կազմելն է. Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթը թույլ չի տալիս փողոցից իշխանության գալ:
Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մեր հանրապետության 25 տարվա քաղաքական կյանքի փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հնարավոր չէ փողոցից իշխանության գալ: Այն միտքը, թե 150 հազար մարդ փողոց դուրս բերելու դեպքում հնարավոր կինի հասնել զիջումների իշխանությունների կողմից, իրատեսական չէ, չկա նման բան: Որովհետև, երբ այդ 150 հազար մարդը հավաքվում է կամ դու ինչ-որ հայտ ես ներկայացնում, այդ ընթացքում դու անհավասար վիճակում ես հայտնվում: Հասարակական կարգ է խախտվում, օրենքի ինչ-որ տառ է խախտվում և միանգամից համապատասխան կառույցի կողմից տրվում է հրահանգ ու քաղաքական գործընթացներն այդ դեպքում ուրիշ դաշտ են տեղափոխվում: Դրա համար միակ ճանապարհը ընտրությունների միջոցով օրինական իշխանության մաս կազմելն է կամ ընդդիմություն մնալը»,-ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն այս պահին իրեն շատ լավ է զգում: «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Մենք պետք է շարունակենք աշխատել և փետրվարյան հայտնի իրադարձությունները չեն նշանակում, որ մենք օտարվել ենք քաղաքականությունից»,- հավելեց պատգամավորը՝ վստահեցնելով, որ փետրվարյան իրադարձությունները ԲՀԿ-ի համար ցավոտ չեն եղել:
Նա հայտարարեց, որ ցավերի դեմ էլ ԲՀԿ-ն ցավազրկողներ ունի։ «Քաղաքականության մեջ երբեմն լինում է այնպես, որ ցավոտ է լինում, սակայն մեր քաղաքական զինանոցում ցավազրկողներ կան»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ին ո՞վ ցավազրկեց, Մելքումյանը պատախսանեց, որ ցավազրկողները հենց իրենք են՝ ընդգծելով, որ ցավազրկողներն իրենց քաղաքական զինանոցի անբաժան մասն են, որոնք ինչքան քիչ օգտագործվեն, այնքան լավ կլինի:



