Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար, նրա տեղափոխման մասին լուրերը սուտ են` ասել է Սերժ Սարգսյանը
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրերս պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։
Քննարկումից հետո զինվորական ղեկավարությունը նստել է հացի: Սերժ Սարգսյանը մասնակցել է ճաշին: «Փաստի» աղբյուրի հավաստմամբ` նախագահի հարևանությամբ նստած են եղել Վիգեն Սարգսյանն ու Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Ամբողջ այդ ընթացքում նախագահը զրուցել է Վիգեն Սարգսյանի հետ, իսկ Մովսես Հակոբյանի հետ բառ անգամ չի փոխանակել: Զինվորականները սրանից հետևություն են արել, որ այսօր–վաղը Մովսեսին գործից կհանեն: Իսկ նրան գեներալ–գնդապետի կոչում տալը համարում են «թոշակի ուղարկելու արարողություն»:
Սերժ Սարգսյանը ոչ բարձրաձայն, բայց լսելի ասել է, թե խոսակցությունները, ըստ որոնց Վիգեն Սարգսյանին տեղափոխելու են այլ ոլորտ, սուտ են: Նա ասել է, որ Վիգեն Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել նաև ապրիլից հետո:



