Թբիլիսիում զոհված փրկարարի ընտանիքը կստանա 45 հազար դոլար. Ղարիբաշվիլի
SOCIETYՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 17-ին հայտարարել է, որ Թբիլիսիում ջրհեղեղի ժամանակ մարդկանց փրկելիս զոհված փրկարարի ընտանիքը կստանա 45 հազար դոլար: «Այդ հերոսի ընտանիքին գումար կհատկացվի 100 հազար լարիի չափով, և նրա ընտանիքը ամսական գումար կստանա»,- ասել է Ղարիբաշվիլին Ճգնաժամերի կառավարման խորհրդի նիստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ տարերքի հետևանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա 4,5 հազար դոլար, նյութական օգնություն կցուցաբերվի նաև մյուս տուժածներին:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են հաղթահարել Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքները:
«Ես խնդրում եմ նախագահին պետական հատուկ շքանշաններով պարգևատրել բոլոր այն փրկարարներին, ոստիկաններին ու կամավորներին, ովքեր հերոսություն են դրսևորել վերջին օրերին: Ես միջնորդությամբ նախագահին կդիմեմ այն բանից հետո, երբ կներկայացնեմ այդ մարդկանց ցուցակը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Ուժգին տեղատարափը, որն ուղեկցվել է կարկուտով ու քամիով, Թբիլիսին պատուհասել է հունիսի լույս 14-ի գիշերը: Տարերքի մոլեգնելու հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքը: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 19 մարդ, վեց բնակիչներ անհայտ կորած են համարվում: Մի քանի հարյուր փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ ու կամավորներ երրորդ օրն է՝ աշխատում են աղետի հետևանքների վերացման համար:
Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին հայտնել է, որ Թբիլիսիում ջրհեղեղից տուժածների համար ավելի քան 4,2 մլն լարի (1,8 մլն դոլար) նվիրատվություններ են ստացվել պետական գանձարանի և առևտրային բանկերի հաշիվներին:
«Ներկա պահին պետական գանձարանի և առևտրային բանկերի հաշիվներում ստացվել է ավելի քան 4,2 մլն լարի: Սրանք միայն նվիրատվություններն են, այդ թվում՝ ֆիզիկական անձանց նվիրատվությունները կազմել են 1,7 մլն լարի, 31 հազար դոլար և 1000 եվրո»,- նշել է Խադուրին:
Կառավարության կարգադրությամբ պետական բյուջեից հատկացվել է 10 մլն լարի, որն արդեն փոխանցվել է Թբիլիսիի քաղաքապետարանին»,- ասել է նա:
Վրաստանի ֆինանսների նախարարը նաև հայտնել է, որ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար երկրի նախագահի պահուստային ֆոնդից հատկացվել է 200 հազար լարի, իսկ կառավարության պահուստային ֆոնդից ներկա փուլում արդեն հատկացված է 150 հազար լարի:



