Անկարգություն Բաքվի խաղերում՝ ծեծկռտուք, վթար եւ «վատ մրցավարներ»
SOCIETYԲաքվում ընթացող Առաջին Եվրոպական խաղերը նշանավորվեցին ոչ միայն աննախադեպ պաթոսով, այլ նաեւ կարգապահության ու կազմակերպվածության ցածր մակարդակով։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, խաղերի մեկնարկից ի վեր գրանցվել է մի քանի լուրջ արտակարգ պատահար։
Խաղերի հենց մեկնարկին ավտովթարից տուժեցին ավստրիացի մարզուհիները։ Հետո ծեծկռտուքներ տեղի ունեցան։ Այսպես՝ ձեռքերին ազատություն էին տվել բելառուս մարզիկ Վլադիսլավ Անդրեեւն ու վրացի Վլադիմիր Խինջեգաշվիլին։ Պարտվելով 1։2 հաշվով՝ վրացի մարզիկը ապտակել էր հակառակորդին։ Բելառուս մարզիկը պատասխանել էր, ինչի հետեւանքով ծեծկռտուք էր սկսվել։ Հանդիպումը ընդհատվել էր, իսկ ըմբիշները հեռացվել էին դաշտից։ Նրանց պետք է որակազրկեն։ Ֆրանսիացի ըմբիշ Էլ Օուրագե Զոհերան ադրբեջանցի Յաշար Ալիեւին պարտվելուց հետո փորձել էր հարձակվել նրա վրա։ Մրցավարները հազիվ էին կարողացել հանգստացնել ֆրանսիացի մարզիկին։
Իսկ ադրբեջանական կողմը բողոքում է մրցավարներից։ Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ Ալթայ Հասանովի խոսքով՝ իրենք քննարկում են, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել ադրբեջանցի մարմնամարզուհիներին ցածր գնահատական դրած դատավորների դեմ։



