«911» ծառայությունում ահազանգողի տեղորոշման համակարգ է ներդրվելու
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «911» ծառայությունում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրման վերաբերյալ նախագիծ է ներկայացրել:
««911» ծառայությունը իր գործունեության տարիներին սպասարկել է 6 միլիոնից ավելի զանգ, և այս ցուցանիշն ունի աճի միտում: Բարեբախտաբար, դրանց գերակշիռ մեծամասնությունը կրում է կենցաղային բնույթ, իսկ արտակարգ դեպքերի 98%–ից ավելին՝ խնդրահարույց չէ:
Սակայն, գրանցվում են նաև այնպիսիք, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն, այն պարագայում, երբ անհապաղ օգնության կարիք են զգում մեր քաղաքացիները, ակնկալվում է տարբեր օպերատիվ ծառայությունների արձագանքում:
Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն: Իրավիճակն էապես փոխվում է, երբ «911» օպերատորը հնարավորություն է ունենում տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը: Տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետ կիրառվում են ԱՄՆ–ի «911», Եվրամիության գրեթե բոլոր երկրների «112» ահազանգման կենտրոններում, և այս փորձը տարածում է գտնում ամբողջ աշխարհում»,– նշված է նախագծում:



