Փորձագետը կեղծ լուրերի դեմ պայքարում կարևորեց մարդկանց կրթվածության մակարդակի բարձրացման խնդիրը
SOCIETYԱշխարհում նոր տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ՝ գնալով ավելի է բարդանում կեղծ լուրերի տարածման խնդիրը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` ներկայումս հայտնի լրատվական կայքի կլոնավորված տարբերակի ստեղծումը դժվարություն չի ներկայացնում կեղծ լուր տարածողի համար, ուստի անտեղյակ ընթերցողի համար բավականին բարդ է դարձել ստուգել լուրի ճշգրիտ լինելը:
«Բացի այդ, չարագործը կարող է մի քանի ժամվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում էջ բացել և գովազդի միջոցով տարածել կեղծ լուրը: Խնդիրն այն է, որ շատ հաճախ Ֆեյսբուքի կամ այլ սոցիալական ցանցի լրահոսում ընթերցողը չի ֆիքսում, թե որ կայքի լուրն է կարդացել: Այսինքն` եթե նրանից հարցնեն, թե որ կայքում է կարդացել, կարող է ասել, օրինակ` Ֆեյսբուքում»,– նշեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանում մարդկանց մեծ մասը լուր կարդալու համար քիչ է օգտագործում լրատվական կայքերը և ավելի շատ սոցիալական ցանցի լրահոսի միջոցով է տեղեկանում իրադարձություններին, որտեղ կարող են տեղադրվել նաև կեղծ լուրեր:



