Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Արմավիրի մարզի Զարթոնք համայնք հասնել չի լինում: Մեծամորի գլխավոր մայրուղուց ավտոմեքենայով այստեղ գնալը շուրջ 5 րոպեի ճանապարհ է, բայց 40 է տևում: Զարթոնքի ճանապարհները քարուքանդ վիճակում են գտնվում:
««Վաբշե» մենք ճանապարհ չունենք, օր օրի վիճակն ավելի է վատանում: Ահավոր վիճակի մեջ ենք»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին բնակիչները:
Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ բոլոր ընտրությունների, քարոզարշավների ժամանակ տարբեր աստիճանի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել են իրենց հուզող հարցերը, սակայն մինչև օրս ճանապարհները բարվոք չեն:
«Լսել են, խոստացել, որ կսարքեն, բայց դեռ նույն վիճակն է: Ամբողջը բլած վիճակում է»,– ասաց գյուղացին:
Շատ անգամ շտապօգնությունը չի գալիս, երբ իմանում է, որ Զարթոնքից է կանչը: Տաքսիները նույնպես հրաժարվում են բնակիչներին սպասարկել:
«Մեր մեքենաներն էլ ջարդվելով են գնում– գալիս»,– ասաց նա:
Համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը շարունակում է համագյուղացու դժգոհությունը և ավելացնում, որ երկու անգամ ճանապարհն ավազապատել են, բայց՝ անօգուտ:
«Հիմա գյուղում շարժվել չի լինում: Որ էքսկավատորը գա քանդի, մի մետր ավազ կհանի փողոցներից, բայց ի՞նչ օգուտ՝ անձրևը, ձյունը գալիս է, նույն վիճակն է: Մի հատ բեռնատար մեքենա է անցնում, և սաղ փոսեր է առաջանում»,– նշեց Սարգսյանը:
Անբարեկարգ ճանապարհը շուրջ 12 կիլոմետր է ձգվում: Խնդրի մասին բոլորն են քաջատեղյակ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ճանապարհը տեսել է: Նրա հաշվարկով՝ այն վերանորոգելու համար մոտ 500–600 միլիոն դրամ է անհրաժեշտ:
«Գումարի չափն իրենից ենք լսել, բայց դա վերջնական հաշվարկը չի: Թող 200 միլիոն փող տան ինձ, ես սաղ ճանապարհը կասֆալտապատեմ»,– ասաց համայնքի ղեկավարը:
Նա պնդեց, որ համայնքապետարանի միջոցով այդքան մեծ ծախսեր անել չեն կարող:
«Բյուջեն 30–40 միլիոն է կազմում: Դրանով մենք քանի՞ տարի կարող ենք ճանապարհ կառուցել: Բա մենք ո՞նց ապրենք: Դպրոց ունենք, աշխատողներ, սոցիալապես անապահով բնակիչներ, լուսավորություն: Այդ գումարով կարողանում ենք ընթացիկ ծախսերն ապահովել և յոլա գնալ: Բացի այդ էլ, դա համայնքային ենթակայության ճանապարհ չէ՝ պետական մայրուղի է համարվում»,– ասաց նա:
Ճանապարհի մասին մոտ 20 օր առաջ է գրություն ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին: Պատասխան դեռ չի ստացել: Պարույր Սարգսյանը առաջիկա օրերին պատրաստվում է կրկին նամակ ուղղել վարչապետին:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի համայնքապետերի մասին հայտարարությանն ասաց. «Թող էն գյուղապետերը, ովքեր կերել են, նրանք էլ պատասխան տան: Մեզ մոտ նման բան չկա: Մենք շատ խելոք, սիրուն ձևով աշխատում ենք, ոնց որ պետք է»:
Զարթոնքցիների պահանջն այսօր մեկն է՝ բարեկարգ ճանապարհ ունենալ:
«Բերքը չենք կարողանում շուկա հասցնել, որովհետև ամբողջ ճանապարհը քանդված է՝ մեքենա քշել չենք կարողանում: Թող բերեն ու սարքեն: Մենք չենք կարող վերանորոգել, տոկոսների տակ ենք: Ջուր չտվեցին, որ բերք ստանանք ու տոկոսները փակենք»,– ասացին նրանք:
Չնայած դժվարություններին՝ այստեղ հույսով սպասում են, որ մի օր Զարթոնքի ճանապարհները «զարթոնք» կապրեն:
Մանյա Պողոսյան



