«Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախագահի թեկնածուի վերաբերյալ հարցեր դեռ չեն քննարկել
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իրենք 2018 թ. նախագահի թեկնածու ունեն և դա Արտակ Զեյնալյանն է:
«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «Ելքը» բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների մեկ չորրորդի ստորագրություններն ապահովելու համար»,– գրել էր նա իր էջում:
Թե ինչո՞ւ հենց Զեյնալյանը հարցին, «Ելքից» հստակ պատասխաններ էին հնչել՝ անբիծ անցյալ, մասնակցություն ղարաբաղյան պատերազմին, կառավարությունում աշխատելու փորձ և այլն:
Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Փաստի» հետ իր վերջին հարցազրույցում անգամ ասել էր, որ իրենք արդեն իսկ սկսել են բանակցություններ վարել «Ծառուկյան» դաշինքի հետ: Սակայն, արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը կհամագործակցի «Ելքի» հետ, կհամաձայնվի հրաժարվել սեփական թեկնածու ունենալու մտքից և խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի թեկնածուի համար կանաչ լույս կվառի: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից:
Տոնոյանը մեզ հետ զրույցում շտկեց, որ ոչ թե սկսվել են բանակցություններ, այլ պիտի սկսվեն: Սակայն, ամեն դեպքում իրենց քաղաքական օրակարգում նման հարց չկա:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների քաղաքական դիրքորոշմանն ու որոշմանը՝ առաջադրելու նախագահի սեփական թեկնածու: Սակայն այս պահին մեր օրակարգում նման հարց չկա և նման թեմայով քննարկում այս պահին չկա»,– նշեց պատգամավորը:
Հարցին էլ, թե այս պահին «Ծառուկյան» դաշինքում արդեն կողմնորոշվել են՝ ում կառաջադրեն որպես նախագահի իրենց թեկնածու, Իվետա Տոնոյանը պատասխանեց, թե այս հարցի շուրջ նույնպես իրենց քաղաքական օրակարգում քննարկում չի եղել:
Իրենց առաջարկած թեկնածուն ձեր դաշինքի համար իսկապես լավագո՞ւյն տարբերակն է որպես երկրի նախագահ հարցին էլ, պատասխանեց, որ արդեն իրենց պաշտոնական դիրքորոշումն ասել է. «Ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանի անձին որպես մարդ, որպես անհատ, որպես գործընկեր՝ ես կարող եմ անձնապես իմ դիրքորոշումը հայտնել, որ դրական եմ գնահատում նրան որպես անձնավորություն, որպես պատգամավոր»,– հավելեց նա:
Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքում դեռևս խոսք չկա որևէ բանակցությունների մասին, սակայն «Ելքը» հայտարարում է, որ դրանք սկսվել են: Ինչի՞ համար:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



