Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում: Առաջարկվում է հունվարի 3–ը, 4–ը և 5–ը չհամարել նախածննդյան տոներ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1–ից:
Ըստ կառավարության՝ նախածննդյան տոների ոչ աշխատանքային լինելու հանգամանքը նպատակահարմար չէ նաև սոցիալ–տնտեսական տեսանկյունից։ Ըստ գործադիրի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունն ու ոչ աշխատանքային օրերը միասին վերցրած 43 վճարվող հանգստյան օր են ենթադրում, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Բացի նրանից, որ ժողովուրդը «միս ու կարագ չի գնում», «կարտոֆիլ» է ուտում, կարելի է նաև տոները կրճատել:
Ի՞նչ տարբերություն, երկու օր ավել, կամ պակաս, մեկ է՝ ոչ նշում են, ոչ էլ սիրտ ունեն նշելու: Բայց պատկերացրեք, որ նշում են: Իսկ Ամանորը նշելն ամենևին չի սահմանափակվում Նոր տարվա սեղանով, անգամ եթե այդ սեղանին միայն կարտոֆիլ է դրված: Ոմանք ուղղակի հանգստանում են:
Իրենց հանգիստը կազմակերպում են տանը, կամ այլ երկրներում: Իսկ սոցիալ–տնտեսական տեսանկյունից մեր երկրում շատ հանգամանքներ կան, որոնք նպատակահարմար չեն: Առաջինն, այնուամենայնիվ, առանց այդ էլ ցածր աշխատավարձ ստացող քաղծառայողի վճարվող հանգստյան օրը չէ: Իհարկե, սոցիալ–տնտեսական հարցերի մեջ կարող ենք անվերջ խորանալ, բայց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ փորձեցինք հասկանալ՝ անհրաժեշտ է արդյոք կրճատել տոները:
«Ամանորի դեպքում մեկ շաբաթ արձակուրդը նորմալ է, իսկ տոները կրճատելը սխալ է: Այդ օրերին մարդիկ նաև հանգստանում են: Բացի այդ, մարդիկ նախածննդյան օրերին հնարավորություն են ունենում գնալ արտերկիր ու մեկ շաբաթով հանգստանալ: Իսկ երեք օրը, բնականաբար, բավական չէ: Փաստորեն, սովորական շաբաթ–կիրակի է ստացվում: Ես կարծում եմ, որ բացի ամառային արձակուրդներից, մարդկանց անհրաժեշտ է նաև ևս մեկ շաբաթյա ձմեռային արձակուրդ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը:
Սամվել Խուդոյանը շեշտեց, որ չափից դուրս շատ հանգստյան օրերն էլ չեն կարող դրական քողի տակ ներկայացվել:
«Մեզ մոտ տոներ կան, որոնք պետք է աշխատանքային դարձնել: Տոներ կան, որոնք առհասարակ պետք է կրճատել, բայց դրանք հաստատ Նոր տարվա օրերը չեն: Էլ չեմ խոսում Մեռելոցների մասին: Ի դեպ՝ ամբողջ աշխարհում Սուրբծննդյան տոները մեկ շաբաթ են տևում»,– ընդգծեց հոգեբանը:
Նրա խոսքով, անկախ տոների փաստից, հանգստյան օրերը նաև մարդկանց վերալիցքավորվելու հնարավորություն են տալիս:
«Անգամ հունվարի 8–ից աշխատանքի գնալու դեպքում մարդու կատարած աշխատանքը նորմալ չի կատարվում: Տոներից հետո մարդկանց տրամադրությունը փոխվում է: Եթե օրենքը փոխվի, մոտ երկու տարում մարդիկ կհարմարվեն, բայց բոլոր դեպքերում հետտոնական շրջանը բավականին սթրեսային է և հանգիստ է պահանջում: Հունվարի մեկին, երկուսին և երեքին մարդիկ ինտենսիվ նշում են տոները: Եթե ամսի 3–ից գնան աշխատանքի, նորմալ չեն կարողանա աշխատել: Բացի այդ, շատերն ուղղակի չեն գնա աշխատանքի: Ինձ թվում է՝ որոշումը սխալ կլինի: Առաջարկվող փոփոխության մեջ լոգիկա չկա»,–հավելեց Սամվել Խուդոյանը:
Աննա Բադալյան



