Նոր կառուցվելիք «ԶԱՌ» ռազմական կենտրոնում ծրագրվում է հաջորդ տարի անցկացնել զորավարժություններ
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
«ԶԱՌ» ռազմական կենտրոնը կառուցումից հետո կարող է դառնալ միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
«ԶԱՌ» ռազմական ուսումնական կենտրոնի կառուցումն իրականացվում է երկկողմ՝ հայ–ամերիկյան հարաբերությունների շրջանակներում: Նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն»,– ասաց նա և հավելեց, որ այս տարի ավարտվել է շինարարության առաջին փուլը, սակայն ևս մի քանի փուլ կա այն վերջնական տեսքի բերելու համար:
«Բացի շինարարական աշխատանքներից ծրագրվում է կենտրոնում տեղակայել խաղաղապահ վարժությունների համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան խաղաղապահներին այնտեղ վարժանքներ իրականացնել»,–ասաց Լևոն Այվազյանը:
«Այդ զորավարժությունները մեր ազգայինն են, անցկացվելու են ՆԱՏՕ–ի չափանիշներին համապատասխան: Կենտրոնի ստեղծման նպատակն այն է, որ ունենանք խաղաղապահ գործողությունների վարժանքի ազգային կարողություններ, քանի որ մինչ օրս մեր խաղաղապահներն իրենց զորավարժություններն անցկացնում են արտերկրում»,– եզրափակեց Լևոն Այվազյանը:
Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ–ի շաբաթը»: Դեկտեմբերի 13–18–ը նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցը Հայաստան:



