ՄԻԵԴ վճիռը կատարելու քաղաքական ճնշման մեխանիզմներն աշխատելու են
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է՝ Ադրբեջանը կարո՞ղ է ձգձգել
Վերջերս Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին պաշտոնապես տեղեկացրել էր անդամակցության հնարավոր կասեցման մասին: Գործընթացը կապված է «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարման հետ։ Ավելի ուշ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին տեղեկացրել էր իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չկատարելու առնչությամբ:
Հավելենք, որ Ադրբեջանի իշխանություններին մինչև նոյեմբերի 29–ը ժամանակ էր տրված ընդդիմադիր քաղաքական գործչին ազատ արձակելու համար: Ադրբեջանը, սակայն, մինչ օրս շարունակում է չկատարել ՄԻԵԴ վճիռը:
Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով, նման վարույթ առաջին անգամ է կիրառվում:
«Այսինքն՝ առաջին անգամ է, որ պետության դեմ դատական գործ է հարուցվում վճիռը չկատարելու համար: Ադրբեջանը ձևականորեն չի հրաժարվում վճիռը կատարելուց: Ուղղակի ասում է՝ որպեսզի կարողանամ վճիռը կատարել, պետք է օրենքս փոխեմ: Օրենքը փոխում են, բայց օրենքը փոխելու գործընթացն արդեն բավականին երկար է տևում:
Արդեն Քրեական օրենսգրքի երկու ընթերցում է եղել Ադրբեջանի ազգային ժողովում: Շուտով երրորդ ընթերցումը կլինի, օրենքը կընդունեն, ուժի մեջ կմտնի, կկիրառեն ու նոր ազատ կարձակեն Իլգար Մամեդովին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը՝ միաժամանակ հավելելով, որ այս ձևական մոտեցումը շատ պետությունների մոտ է ընդունված:
«Սովորաբար ՄԻԵԴ–ի վճիռը չկատարելու համար երկրներն ինչ–որ երկար պրոցես են սկսում, որն իրականում ձևական է: Այսինքն՝ ինչքան հնարավոր է, փորձում են ձգել ՄԻԵԴ վճիռները չկատարելու ժամկետը, որ, օրինակ, անձին երկար պահեն կալանքի տակ: Բոլոր պետություններն էլ այսպես թե այնպես նման միտում դրսևորում են:
Չմոռանանք, Հայաստանն էլ, իհարկե, չեմ ասում ՄԻԵԴ վճիռը չկատարելու, բայց սահմանադրական բարեփոխումներ չկատարելու համար դեղին քարտ էր ստացել: Իրավիճակը հասել էր նրան, որ գրեթե արդեն կարմիր քարտ պետք է ցույց տային, բայց վերջին պահին Հայաստանը կատարեց Եվրոպայի խորհրդի պահանջը»,– նշեց փաստաբանը:
Հարցին, թե այնուամենայնիվ, Ադրբեջանի շուրջ սկսած գործընթացը կհանգեցնի՞ այդ երկրի անդամակցության դադարեցմանը Եվրոպայի խորհրդին, Արա Ղազարյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ հարցը դրան չի հասնի: Ամենավերջին պահին Ադրբեջանը կկատարի պահանջը:
Այնուամենայնիվ, հստակ ժամկետներ կան, և գնալով ռեսուրսներն այդ առումով սպառվում են:
Հիմա արդեն քիչ ժամանակ է մնացել: Որքան հիշում եմ, վերոնշյալ նոր օրենքը դեկտեմբերին կընդունվի: Հիշենք նաև, որ ԵԽ–ն Ռուսաստանի անդամակցությունն էլ ոչ թե դադարեցրեց, այլ մեկ տարով սառեցրեց: Մեծ հաշվով՝ Եվրոպայի խորհրդի կատարողական մեխանիզմները բավականին խիստ են, բայց երբեմն դրանք երկար են տևում, որովհետև, ի վերջո, քաղաքականության երկխոսության և կոմպրոմիսների արդյունքում են որոշումներ կայացվում:
Ի վերջո, այսպես թե այնպես, բոլոր պետություններն էլ վճիռները կատարում են: Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ գնով: Այսինքն՝ վճիռը կատարելու կամ չկատարելու հանգամանքը քաղաքացու վրա ի՞նչ է արժենում: Ադրբեջանը, փաստորեն, 2014 թ.–ից մինչև հիմա ձգձգում է քաղաքացուն ազատ արձակելու պահանջը: Բայց վերջիվերջո քաղաքական ճնշման մեխանիզմներն աշխատելու են և վճիռը կատարվելու է»:
Աննա Բադալյան



