Էդուարդ Շարմազանովն իր կուսակիցների ասածները չի մեկնաբանում
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի՝ գների թանկացումը չի հարվածի աղքատներին, քանի որ նրանք առանց այդ էլ քիչ են ծախսում արտահայտությունը հասարակության շրջանում հերթական զայրույթի ալիքը բարձրացրեց իշխանությունների դեմ:
«Փաստ» օրաթերթը իշխանական կուսակցության ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե արդյոք ՀՀԿ–ականներն այն աստիճանի են իրականությունից կտրվա՞ծ, որ նույնիսկ տեղյակ չեն, որ թանկությունների ալիքը, այն էլ Ամանորից առաջ, հարվածել է առաջին անհրաժեշտության ապրանքներին, ոչ թե շքեղության, որից այսպես թե այնպես չեն էլ օգտվում շատերը:
Հետաքրքիր էր պարզել՝ գուցե նման հռետորաբանությամբ են իշխանությունները փորձում թանկացման հետ բնակչությանը պատուհասած զայրույթի ալիքը մեղմել:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Փաստի» այս հարցին ի պատասխան նշեց.
«Թե որքանով է ՀՀԿ–ն տիրապետում իրավիճակին, կարող ենք դատել ԱԺ–ում տեղի ունեցած պատգամավորներ–կառավարություն հարցուպատասխանից: Կառավարության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շատ մանրակրկիտ անդրադարձան թանկացումներին և ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունը թանկացումների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա գների թանկացումը բնականաբար շատ բացասական երևույթ է և չի կարող չազդել բոլոր խավերի վրա: Պարզապես հարցն այն է, թե գների թանկացումը օբյեկտի՞վ, թե սուբյեկտիվ բնույթ է կրում: Եվ եթե օբյեկտիվ է և անխուսափելի՝ այլ բան է, իսկ եթե սուբյեկտիվ է և ինչ–որ մարդկանց կամ մոնոպոլյաների արդյունքում է տեղի ունենում, ապա դա բոլորովին այլ բան է, և բնականաբար, մտահոգիչ երևույթ է»:
Նա նաև հավելեց, որ գների թանկացումն առավել մտահոգիչ է Ամանորից առաջ և պետք է կարողանալ օրենքի սահմաններում, բոլոր գործիքներն օգտագործելով՝ պարզել, թե գների թանկացման հարցում կա՞ն չարաշահումներ և այն կանխել:
«Բայց ևս մեկ անգամ ընդգծեմ, որ յուրաքանչյուր մարդու համար էլ ցանկալի չէ, որպեսզի լինի գների թանկացում»,– ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե իր կուսակից–գործընկեր Հակոբ Հակոբյանի հայտարարությունն այնուամենայնիվ ընդունելի՞ է իր համար, թե՝ ոչ, Է. Շարմազանովը պատասխանեց, որ իր գործընկերների ասածներն ինքը չի մեկնաբանում:
«Ես իմ կարծիքն եմ ասում, որից էլ կարելի է ենթադրել, թե գործընկերներիս հնչեցրած կարծիքներն ինձ համար ընդունելի՞ են, թե՝ ոչ: Այնպես որ, իմ պատասխանից կարող եք կռահել»,– ասաց ԱԺ փոխնախագահը:
Արմինե Գրիգորյան



