Վերջին 6 տարում ՀՀ-ում աղքատության մակարդակը նվազել է 6.4 տոկոսով
SOCIETY2010-2016 թթ.-ի ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 6.4 %-ով՝ 35.8 %-ից հասնելով 29.4 %-ի: Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 1.2 %-ով` 2010 թ.-ի 3 %-ի համեմատ և 2016 թ.-ին կազմել է 1.8 %:
ՀՀ ազգային-վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ աղքատության մակարդակի ցուցանիշների դինամիկան 2010-2016 թթ.-ին հետևյալն է. 2010 թ. աղքատ է համարվել բնակչության 35.8 տոկոս, որոնցից 3 տոկոս ծայրահեղ աղքատ, 2011, 2012, 2013 և 2014 թթ. աղքատության մակարդակը համապատասխանաբար կազմել է 35, 32.4, 32, 30 տոկոս:
Իսկ 2016 թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 29.4 %՝ 2015 թ.-ի համեմատ արձանագրելով աղքատության մակարդակի նվազում միայն 0.4 տոկոսային կետով:
2016 թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 880 000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 295 000, ծայրահեղ աղքատները՝ 54 000: Ավելի պատկերավոր ասած 2016 թ.-ին 880 հազար մարդ 40 867 դրամից քիչ եկամուտ է ունեցել, իսկ 54 հազար մարդ՝ 23 313 դրամից քիչ:
Ըստ զեկույցի՝ այն տնային տնտեսությունները, որոնք հայտնել են մեկ չափահաս անձի հաշվով սպառման՝ աղքատության վերին գծից ցածր լինելու մասին, նկարագրվել են որպես աղքատ, շատ աղքատ են այն տնային տնտեսությունները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին գծից, և ծայրահեղ աղքատ են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության պարենային գծից



