ՀԷՑ-ը կրկին կարող է տուգանվել 5 միլիոն դրամով
SOCIETYՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի նիստին կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 5 միլիոն դրամով տուգանելու հարցը, քանի որ ընկերությունը խախտել է որոշ սպառողների իրավունքները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2017 թվականի ապրիլ և մայիս ամիսներին ՀԷՑ-ին դիմող անձանց ներկայացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու ՀԷՑ-ի պայմանագրերը չեն համապատասխանում տվյալ պահին ՀԾԿՀ-ի սահմանած միացման պայմանագրի օրինակելի ձևին:
2017 թվականի հոկտեմբերի 16-ից ընկերության նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ՝ վերը նշված փաստի ուսումնասիրության նպատակով, որի շրջանակում ՀԷՑ-ը որևէ պարզաբանում չի ներկայացրել:
ՀԾԿՀ կողմից որոշման նախագիծը հաստատելուց և ուժի մեջ մտնելուց հետո ընկերությունը ստիպված կլինի 5 միլիոն դրամ վճարել երկշաբաթյա ժամկետում: Ընկերությունն իրավասու է նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում ՀԾԿՀ որոշումը բողոքարկել հանձնաժողովին կամ դիմել վարչական դատարան:



