Հարձակվել են շքամուտքում, մահակով հարվածել, էլեկտրահարել, չկարողանալով տապալել`փախել են
SOCIETYՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հրազդանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 28-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկի մուտքում հարձակվել են նույն շենքի բնակիչներից մեկի վրա, ով զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Մասնավորապես՝ մեկը թիկունքից փայտե մահակով հարվածել է բնակչի պարանոցի եւ ուսագոտու հատվածին, իսկ մյուսը՝ էլեկտրահաղորդիչ սարքով էլեկտրահարել նրան՝ ցանկանալով հափշտակել նրա մոտ առկա գումարը: Սակայն, չկարողանալով վայր գցել տղամարդուն եւ հափշտակել վերջինիս մոտ գտնվող գումարը, դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բավարար փաստական տվյալներ ձեռք բերել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Հրազդան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ.: Վերջիններս ձերբակալվել են:
Տղամարդը ճանաչվել է տուժող, կատարվել է առերես հարցաքննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Հայտնաբերվել են հանցագործության գործիքներ հանդիսացած փայտե մահակը եւ էլեկտրահաղորդիչ սարքը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:



