Զարինջայում աշնանացանը 100 հեկտարով պակաս է
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Արագածոտնի մարզի Զարինջա համայնքում այս տարի աշնանացան ցանքսը պակաս է: Նախորդ տարվա համեմատ աշնանացանը 100 հեկտարով քիչ է: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին բնակիչները:
Համայնքի ղեկավար Սևադա Մանուկյանի խոսքով՝ հողագործները վարուցանքի հնարավորություն չեն ունեցել: Ակնկալում են գարնանացանի միջոցով ցանքսի պակասը լրացնել:
«Գարնանը ցորենի սերմացուի խոստում է եղել: Սպասում ենք, որ տան և բնակիչները կարողանան հող մշակել»,– ասաց նա:
Հուլիսին կարկտահարությունից Զարինջան 100%–ով վնաս էր կրել: Վնասվել էին ցորենի, գարու, կորնկանի դաշտերը: Փոխօգնություն գյուղացիներին դեռ չի տրամադրվել: Ցորենի սերմի խոստում են տվել:
«Հողի հարկը զիջելու ծրագիր կա, բայց մեզ չեն տեղեկացրել, զիջել են, թե՝ ոչ»,– հայտնեց նա:
Բերքը կորցրած գյուղացին այստեղ ծանր դրության մեջ է հայտնվել՝ վարկերը չի կարողանում մարել:
«Կարկուտը եկավ, սաղ ավիրեց: Գնացինք վարկ վերցրեցինք, բերեցինք կրկնակի ցանքս կատարեցինք: Հիմա բոլորս կանգնած ենք վարկ մարելու խնդրի առջև»,– փաստեցին Զարինջայի բնակիչները:
Սևադա Մանուկյանն, ամփոփելով գյուղատնտեսական տարին, ասաց, որ դժվարությամբ են բերք ստացել՝ մի կողմից կարկուտը, մյուս կողմից՝ ոռոգման ջրի բացակայությունը: Մի կերպ են վերցրած վարկերը մարում, որոշ բանկեր ընդառաջել են նրանց:
«Վերավարկավորում են անում՝ նոր վարկեր տրամադրելով, որ կարողանան աշնանացան կատարել»,– ասաց Մանուկյանը:
Այստեղ ոռոգման ջուր չկա։ Համայնքի 9 հեկտար վարելահողերն անձրևի հույսին են։ Անջրդի տարածքներից ստացվող բերքն էլ կախված է լինում եղանակային պայմաններից։
«Անձրևի հույսով բերք ստացողների վիճակն ինչպե՞ս կլինի, քիչ ու միչ բերք են ստանում։ Եթե անձրևային եղավ տարին, մի բան ստացվում է։ Անցյալ տարի երաշտ էր, մի կաթ անձրև չեկավ, բերքի մասին կարո՞ղ էինք խոսել»,– գյուղացիները:
Չոռոգվող հողատարածքների բերքը որակապես զիջում է, ապրանքային գերազանց տեսք չունեցող բերքն էլ գյուղացիներն ինքնարժեքով են վաճառում, ինչն էլ նրանց ոչ միայն շահույթ չի ապահովում, այլև ներդրած ծախսերը չի հանում։
Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող, խոտհարք: Զբաղվում են դաշտավարությամբ` մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 50%–ը, որոնց մեջ 586 հա կազմում են արոտավայրերը, 9 հա` վարելահողերը: Զբաղվում են անասնաբուծությամբ, բուծում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ:
Մանյա Պողոսյան



