Երևանից մեկնած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ
SOCIETYՀայաստանի «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի մի խումբ մասնագետներ (գինեկոլոգ, սրտաբան, ռևմատոլոգ և ուռուցքաբան) Ստեփանակերտի «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնում իրականացնում են քաղաքացիների հետազոտություն, խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև վահանաձև գեղձի սոնոգրաֆիա և բիոպսիա:
«ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի սրտաբան Զարուհի Հովեսյանն ասել է, որ իր կողմից իրականացվում են սրտային հիվանդությունների հետազոտություններ, ներառյալ՝ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն և խորհրդատվություն՝ բուժման նշանակումով: «Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքացիների մոտ առավել տարածված են սրտի իշեմիկ, առիթմիայով, փականային և զարկերակային գերճնշումով հիվանդությունները և ինֆարկտները»,- նշել է սրտաբանը: Նա ընդգծել է, որ մարդիկ տարին գոնե մեկ անգամ պետք է անցնեն էլեկտրասրտագրություն՝ ստուգելու սրտի աշխատանքը:
Իսկ ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանն էլ ասել է, որ այցերի ընթացքում մեծ թվով հիվանդներ են հետազոտել: Խոսելով հետազոտությունների արդյունքների մասին՝ նա նշել է. «Հիվանդների մոտ առավել հաճախ հանդիպում ենք հոդերի բորբոքային և ոչ բորբոքային, ինչպես նաև աղերի կուտակումով հիվանդություններ»:
Նոյեմբերի 27-ին և 28-ին իրականացվել է քաղաքացիների հետազոտություն, խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում, նաև վահանաձև գեղձի սոնոգրաֆիա և բիոպսիա:



