Դատարանը չապացուցեց Սամվել Բաբայանի մեղքը. Արմեն Մարտիրոսյան
POLITICSԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերջին դատական նիստը: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Past.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ թե՛դատավարությունը, թե՛ դատավճիռը քաղաքականացված էին: «Այնտեղ ոչինչ չկար: Նախ՝ նրան չէին բռնի, բռնելուց հետո էլ շատ մեղմ պատիժ կտային, եթե քաղաքականացված չլիներ: Սամվել Բաբայանն անձնավորություն է, որը մեծ ներդրում է ունեցել արցախյան հաղթանակում:
Նրա խոսքերն ու գործերը քաղաքական շեշտադրում են ունենում: Ակնհայտ է, որ արդարադատություն չեղավ, դատարանը չապացուցեց նրա մեղքը: Որևէ ցուցմունք չեղավ նրա դեմ: Նախաքննության ընթացքում եղած միակ ցուցմունքի հեղինակը հետո ասաց, որ իր նկատմամբ եղել են ճնշումներ և դատարանում տվեց այլ ցուցմունքներ: Այս ամենն ամրապնդում է կարծիքը, որ դատավարությունը քաղաքականացված է:
Հաշվի առեք նաև ԱԺ ընտրություններում Բաբայանի համակրանքն Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին: Նախքան կալանավորումը պարոն Բաբայանը պատրաստվում էր կարևոր հատարարություն անել: Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է, բայց ինքն այդպես չի համարում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:




















































