Ինգա Զառաֆյան. ««Մաքուր Հայաստան»–ը PR ակցիա է»
SOCIETYԿառավարության նիստում ներկայացվել է Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու հարցը: Այս նախագծով ենթադրվում է, որ կիրականացվեն աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայություններ` պարտադիր ու պարբերական բնույթով:
Կառավարությունը յուրաքանչյուր մարզի համար կներկայացնի կոշտ թափոնների կառավարման հայեցակարգ: Մշակելուց հետո կհաստատվի նաև գործողությունների ծրագիր:
Բնապահպան Ինգա Զառաֆյանը «Փաստ» -ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեր երկրում աղբահանության հարցը կլուծվի այն դեպքում, երբ ունենանք աղբի կառավարման համակարգ:
«Պետք է ներդրվի աղբի կառավարում: Պետք է աղբի սորտավորում կատարվի, որը մենք չունենք: Չունենք նաև աղբի վերամշակում: Եթե այս երկու բաղադրիչները լինեն այդ ծրագրում, մենք կունենանք աղբի կառավարում: Մինչև սա չունենանք, խնդիրը չի կարգավորվի»,– նկատեց բնապահպանը:
Ապրիլ ամսից ներդրվեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը նպատակ ունի լուծել աղբահանության խնդիրները: «Մաքուր Հայաստան»–ը խնդիր է դրել վերջ դնել ճանապարհների, ճանապարհամերձ հատվածների աղբի կուտակումներին և լիարժեք դարձնել քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման թերի աշխատանքները:
Արդյունքները, սակայն, դեռ տեսանելի չեն:
Երևանից 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արարատի մարզի Խաչփառ համայնքի ճանապարհները աղբավայրի են վերածվել: Արարատի մարզը Արմավիրին կապող գլխավոր ճանապարհի կողմերին աղբի կուտակումներ են:
Ինգա Զառաֆյանը նշեց, որ աղբահանության առումով Երևանում ինչ–որ տեղաշարժ կա, բայց մարզերում շատ ավելի վատ վիճակ է:
«Աղբահանությունը մարզերում շատ վատ է կազմակերպված, կամ ընդհանրապես կազմակերպված չէ, ինչի արդյունքում ընդունված է եղել աղբը նետել գետերի ափերին` մտածելով, որ գետը կտանի: Այս խնդիրը դեռ չի վերացել»,– ասաց նա:
Նրա կարծիքով՝ «Մաքուր Հայատան»–ը աղբի խնդիր չի լուծում:
Ըստ Ինգա Զառաֆյանի՝ «Մաքուր Հայաստան»–ը նման է ակցիայի:
«Ինքը որպես PR ակցիա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ պետք է մաքուր երկիր ունենանք, աղբ գետնին չթափեն: Դա կառավարման խնդիր չի լուծում, իսկ մենք դրա պահանջն ունենք: Մենք ունենք, իհարկե, ռազմավարություն, բայց այնտեղ աղբի վերամշակման մասին մի տող է ասված և ոչ մի միջոցառում նախատեսված չէ: Մենք աղբ շատ ենք արտադրում, առանց նորմալ կառավարման չենք կարող այն հաղթահարել»,– նշեց նա:
Զառաֆյանի խոսքով՝ մեզ մոտ աղբը մի տեղից մի տեղ են տեղափոխում, բայց խնդիրը դրանով չի լուծվում: Հիմնականում աղբը Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում, որտեղ ոչ թե տեսակավորում ու մշակման են ենթարկում, այլ` այրում են:
«Խնդիրը լուծում չի ստանում, որովհետև կառավարությունը պետք է ստույգ քայլեր կատարի: Մենք չունենք նորմալ աղբավայրեր, նույնը նաև մարզերում: Աղբը ցրված է ամբողջ տարածքում»,– եզրափակեց նա:
Մանյա Պողոսյան



