Վանաձորի պահեստային պլանը
SOCIETYՎանաձորի ավագանու որոշումները անվավեր ճանաչելուց հետո ՍԴ–ն փաստացի պատային վիճակ ստեղծեց ՀՀԿ համար Վանաձորում: Սակայն, ինչպես տեսանք, կար պահեստային տարբերակ՝ խաղի մեջ մտավ ՀՎԿ–ն՝ նախկին ՕԵԿ–ը: Արդյունքում Ակա մականունով հայտնի Արկադի Փելեշյանը դարձավ Վանաձորի փոխքաղաքապետ: Եվ այսուհետ ավագանու նիստերը երրորդ քաղաքում կլինեն վավեր:
Իհարկե, «Ելք»–ը դեռ կարող է նախորդ անվավեր նիստերի որոշումները չեղարկելու ուղղությամբ ջանքեր ներդնել ու ինչ–որ սիմվոլիկ հաջողությունների հասնել, բայց քաղաքական իրավիճակ փոխել չի ստացվի այլևս:
Փաստացի, սակարկման փայլուն օրինակ ցույց տվեց նաև ՀՎԿ–ն, ով արտաքուստ բոյկոտելով Վանաձորի ավագանու նիստերը, ըստ էության համաձայնեց լեգիտիմացնել քաղաքապետին այն պահին, երբ դրա կարիքը նա ու ՀՀԿ–ն ամենաշատն ունեին: Բնականաբար, միայն Փելեշյանի փոխքաղաքապետությամբ ՀՀԿ–ն ՀՎԿ լավության տակից դուրս չի գա: Չի բացառվում, առաջիկայում Արթուր Բաղդասարյանին կրկին ինչ–որ պաշտոնում տեսնենք:
Իշխանությունները ցույց են տալիս, որ ունեն պահեստային տարբերակ և ցանկացած գնով պահելու են խոշոր քաղաքները: Եթե «Ելք»–ը վերցներ Վանաձորը, սա կնշանակեր, որ հնարավոր է խոշոր քաղաքում ունենալ ոչ հանրապետական իշխանություն, ինչը ուղիղ հարված էր լինելու իշխանության վերարտադրության համար:
Արտակ Ասլանյան



