Գայանե Խաչվանքյան. «ԵԱՏՄ երկրներում բավականին բարձր է դեղերի կեղծվածության մակարդակը»
POLITICSՀայաստանում վերջին ամիսներին ոչ միայն պարենային ապրանքներն են թանկացել, այլև՝ դեղորայքը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ տարեսկզբի համեմատ հանրապետության առողջապահական համակարգում արձանագրվել է 2,1% գնաճ, միայն հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գնաճը 0,1% է կազմել:
Դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավորումները թանկացել են 0,2% –ով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0,3%–ով:
Մասնագետների պնդմամբ՝ դեղերի և դեղագործական ապրանքների թանկացումը պայմանավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմնականում ներկրվում են:
Սպառողների Ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության դեղագործակալության դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանը «Փաստ» ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թանկացումը ոչ միայն փոխարժեքի տատանումներով է պայմանավորված:
«Կտրուկ տատանումները երբեմն ներկրողներին ստիպում են գները բարձրացնել, բայց կա դեղերի թանկացման համաշխարհային տենդենց, և դա նորմալ երևույթ է»,– նկատեց նա:
Խաչվանքյանը շեշտեց, որ մեր երկրում ավելացված արժեքի հարկը լուրջ խոչընդոտ է դեղերի գներին: Պետությունն իր հերթին չի կարգավորում խնդիրը և գների վրա միջազգային շուկայի փոփոխություններն ակնհայտ են դառնում:
ԵԱՏՄ–ի պահանջով հունվարին կբարձրացվեն ակցիզային հարկի դրույքաչափերը: Հետևաբար, թանկացումների նոր ալիք է սպասվում: Դեղերն էլ այդ ցուցակում են:
«Պարզ է, եթե մի բան թանկանում է, շատ քիչ դեպքերում է էժանանում: Դեղերն ամենակարևոր ապրանքներն են, և մարդիկ վերջին կոպեկը դեղի են տալիս: Ակցիզային հարկի փոփոխությունը կբերի դեղերի գների աճին: Պետությունը պետք է կարողանա կառավարել գնաճը, ինչը, ցավոք, չի կատարում»,– ընդգծեց Խաչվանքյանը:
Սա ԵԱՏՄ–ից եկող միակ վտանգը չէ: Գայանե Խաչվանքյանի կարծիքով՝ դեղերի որակի հսկումը ևս լուրջ խնդիր է:
«Մենք լուրջ վտանգ ունենք ԵԱՏՄ–ին անդամակցելուց հետո, որովհետև Ռուսաստանը դեղերի կեղծման լուրջ թիրախ է և հավանականություն կա, որ դրանք կարող են ներթափանցել Հայաստան: Բոլորին հայտնի է, որ ԵԱՏՄ երկրներում բավականին բարձր են դեղերի կեղծվածության մակարդակը և շրջանառությունը»,– ասաց նա:
Միևնույն ժամանակ հավելեց, որ մեր երկրում կեղծ դեղերի շրջանառությունը համեմատաբար ցածր է՝ շնորհիվ Առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի:
«Որպեսզի կանխենք նաև կեղծ դեղերի հետագա ներմուծումը, պետք է մեծացնել փորձագիտական կենտրոնի լիազորությունները և այն հզորացնել: Ստիպում են գրանցումը կատարվի իրենց երկրներում, դա որոշ դեպքերում կարող է խոչընդոտել խոշոր արտադրողներին՝ դուրս գալ այդ երկրների շուկաներ»,– կարևորեց մեր զրուցակիցը:
Իսկ «Դեղերի մասին» նոր օրենքը Գայանե Խաչվանքյանը վաղուց սպասված է համարում: Անդրադառնալով առանց դեղատոմսի հակաբիոտիկների վաճառքին, նա ծրագիրը ողջունելի համարեց:
«Հակաբիոտիկները այն դեղերն են, որոնք պարտադիր վերահսկման կարիք ունեն և թույլատրելի չէ, երբ այն ազատ վաճառվում է: Հակաբիոտիկներից կախվածությունը շատ մեծ է: Մեզ մոտ դա չէր հսկվում, իսկ հիմա՝ կկարգավորվի»,– նշեց նա:
Մանյա Պողոսյան



