Ջրարբիի դպրոցում դասադուլն ավարտվել է. Արմավիրի մարզպետը ծնողներին խոստումներ է տվել
SOCIETYԱրմավիրի մարզի Ջրարբի համայնքի միջնակարգ դպրոցում այսօր հայտարարված դասադուլն ավարտվել է, եւ ծնողները խոստացել են, որ վաղվանից երեխաներին նորից դպրոց են ուղարկելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 260 աշակերտ ունեցող դպրոցում դասադուլ է հայտարարվել: Դժգոհությունը կապվում էր շենքի անմխիթար վիճակի, վթարային լինելու, ջեռուցման խնդրի հետ: Ծնղները սպառնացել էի, որ եթե մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չայցելի իրենց, փակելու են Արմավիր-Երեւան ավտոճանապարհը:
Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն ասաց, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպել է բողոքող ծնողներին, եւ նրանք փոխհամաձայնության են եկել:
«Մարզպետը խոստացել է, որ ջեռուցման հարցը վաղվանից եւեթ կսկսի կարգավորվել, իսկ դպրոցի վերանորոգման հարցն էլ ծրագրի մեջ կընդգրկվի, եւ փուլ առ փուլ շենքը կվերանարոգվի»,- ասաց Ղազար Ղազարյանը: Նա հավաստիացրեց, որ համայնքի դպրոցը վթարային չէ, պարզապես անմխիթար վիճակում է գտնվում:
Ինչ վերաբերում է ջեռուցմանը, համայնքի ղեկավարի խոսքով, դասասենյակներում վառարաններ են դրված, եւ ջեռուցումը դիզելային վառելիքով է: Այժմ մարզպետը խոստացել է, որ կենտրոնացված ջեռուցում կապահովվի:
«Որոշեցինք, որ ջեռուցման համակարգ պետք է անցկացվի: Հիմիկվանից արդեն աշխատանքները տարվում են, արդեն չափագրումներ են կատարվում»,- ասաց նա:
Ղազար Ղազարյանն, ի դեպ, ճիշտ չի համարում կատարվածը դասադուլ անվանելը: «Դասադուլ հասկացությունը մի քիչ ճիշտ չէ: Դասապրոցեսը մինչեւ վերջ ընթացել է: 260 երեխայից 60-ը եկել էին դպրոց, միայն 200-ն էին բացակա»,- նշեց նա:



