«Քաղաքացիական պայմանագիրը» պարտավոր է ցույց տալ նաև ընդդիմության սխալները. Սասուն Միքայելյան
POLITICSԸստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի՝ իրենք պարտավոր են ժողովրդին ցույց տալ բացի իշխանության, նաև ընդդիմության սխալները, որպեսզի նորմալ ընդդիմադիր ուժ դառնան: Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե պատրաստվում են նաև դառնալ ընդդիմության ընդդիմությունը, ասաց, որ չեն պատրաստվում երկար ժամանակ ընդդիմություն մնալ:
«Ընդդիմություն կարաս մի որոշ ժամանակ մնաս. կա՛մ քայլ պետք է անես, կա՛մ հետ քաշվես, բայց տարիների ընթացքում չի կարելի ժողովրդին ասել՝ աշուն կանենք, գարուն կանենք, հետո թողնեն գնան տուն, հետո գան նորից վերակենդանանան: Էսօրվա վիճակի համար պատասխանատու է նաև այս տարիներին ձևավորված ընդդիմությունը, որ չկարողացավ իր նպատակի գագաթնակետին հասնել»,-ասաց նա:
Հարցին, թե պատրաստվում են հանրահավաքներ անցկացնել, նա պատասխանեց. «Այ բալամ, որ գա ժամանակ, ոչ միայն հանրահավաքներով, այլ նորմալ կպայքարենք: Երբեք ժողովրդին չենք տանի հուսախաբության, որ հանենք փողոց ասենք՝ վաղը չէ մյուս օրը էս իշխանությունը հեռանալու է: Ես հոգնել եմ ու ներվայնանում եմ, որ տենց բաներ են ասում, որովհետև չի կարելի ժողովրդի հետ սենց վարվել: ժողովուրդը արդեն հոգեխանգարման մեջ է՝ թե՛ իշխանության ձեռը, թե՛ որոշ ընդդիմության ձեռը»:
Սասուն Միքայելյանը լրագրողներին ևս մեղադրեց երկրում տիրող իրավիճակի համար:
«Դուք էլ՝ լրագրողներդ էլ, մեծ մեղքի բաժին ունեք: Գնացե՛ք մեղքի թողություն արեք, եկե՛ք համախմբվեք, նորմալ լրատվությո՛ւն տվեք ու երկիրը փրկե՛ք»,-ասաց նա:
Հարցին, թե ներկա ռեսուրսներով կարո՞ղ է «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանափոխություն անել, Սասուն Միքայելյանը պատասխանեց, թե ներկա ռեսուրսներով գնում են դեպի ժողովրդավարարացում ու մարդիկ հասկանան, սա ուժ է, որը չի եկել իշխանություն ու աթոռներ զավթի և խաբի ժողովրդին:
«Մեր կառույցում ընենց մարդիկ են, որ իրենց կյանքի ընթացքում ապացուցել են՝ ով են: Հիմա գնահատականը բոլոր ժամանակներում պետք է ժողովուրդը տա: Էրեխեք ես ո՛չ պաշտոն եմ ուզում, ո՛չ էլ: Ես կգնամ իմ տուն, իմ հայաթ, տանտեղին: Ես 25 տարեկանից զենք եմ վերցրել մինչև հիմա ամեն ինչի մեջ եմ: Ես էս երկրի համար գործ չեմ արել, որ մի քանի հոգի գան ժողովրդի արյունը խմեն, խի՞ տանք, ո՞վ են եղել»:
Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, ապա Սասուն Միքայելյանն ասաց, որ կպատասխանի պարզ. «Ես հիմիկվա ուժերի վրա հույս չեմ դնում, եթե նորերը կծնվեն, գուցե համագործակցենք»:



