Այրումցիների պահանջը նոր իշխանությունից
SOCIETYԼոռու մարզի Փոքր Այրում և Մեծ Այրում համայնքների բնակիչները պահանջ ունեն նոր իշխանությունից: Այս բնակավայրերը Ախթալա խոշորացված համայնքի կազմում են: Տեղաբնակները կուտակված խնդիրների մասին են բարձրաձայնում և նոր ղեկավարներից լուծում ակնկալում: Մեծ և Փոքր Այրում գյուղերը չունեն խմելու ջուր, լեռնային աղբյուրները, որոնք չեն բավարարում գյուղի կարիքներին, ամռանը ցամաքում են, ձմռանը՝ սառչում: Աղբյուրի մոտ օրեր շարունակ մարդիկ հերթեր են կանգնում` տուն ջուր հասցնելու համար: Ավելին՝ մարդիկ աղբյուրի մոտ ստիպված են լինում գիշերն անցկացնել` ջուր հավաքելու համար:
«Ջրի խնդրի պատճառով է, որ գյուղում մարդ չի մնացել: Տարիների ընթացքում երիտասարդները հեռացել են՝ մնացել են միայն թոշակառուները»,– Past.am-ի հետ զրույցում պատմեց Մեծ Այրում գյուղի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուրգարյանը:
Ջրագծի կառուցումը ֆինանսավորվել է տարբեր պետական ծրագրերից, սակայն, ջուրը այդպես էլ հասանելի չի դարձել համայնքաբնակներին: 2015–1016 թվականներին համայնքը ջրով ապահովելու երրորդ ծրագիրն է իրականացվել, կրկին ջրի մատակարարման ներքին ցանց չի ստեղծվել:
Երկու անգամ նաև գազամատակարարման ծրագրեր են իրականացվել, բայց այս գործընթացը ևս չի հասել տրամաբանական ավարտին:
Երեխաները դպրոց և մանկապարտեզ հաճախում են կողքի Մեծ Այրում գյուղում: Կրթօջախների վիճակը, սակայն, նրանց չի գոհացնում: Մանկապարտեզը չունի կենտրոնացված ջեռուցում:
«Պատուհանները վատ վիճակում են, ցելոֆոնով փակում են, որ ցուրտ չլինի, պատերը ճաքճքված են, հատակը՝ քարուքանդ»,– դժգոհեց բնակչուհին:
Դպրոցից չի տարբերվում նաև բուժկետը: Այն նույնպես վերանորոգման խիստ կարիք ունի:
Բնակիչների մի մասի բարձրացրած հարցը ճանապարհներին է վերաբերվում: Համայնքային ճանապարհները քանդված վիճակում են՝ չկա նաև լուսավորություն:
«Անտեսված ապրում ենք՝ վախենում ես տնից ոտքդ հանես, ճանապարհ չկա, որ քայլես»,– նեղսրտեց մեր զրուցակիցը:
Այսքանով գյուղացիների թվարկված խնդիրները չեն սահմանափակվում: Գործազուրկ բնակիչների մեծ մասի զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է: Այրումցիները, սակայն, եկամտի այս միջոցից էլ են զրկված: Հողերի մեծ մասը չի մշակվում մի քանի պատճառով:
«Ոռոգման համակարգը թերի է, տնամերձ հողամասերը առհասարակ ջուր չունեն: Խաղողն է մեր միակ բերքը, դա էլ չեն ընդունում: Պետք է գանք Արմավիրի մարզ հասնենք ու ծանոթի միջոցով մի կերպ գործարանին հանձնենք»,– ասաց խաղողագործը:
Ադրբեջանից բռնագաղթված հայերով բնակեցված համայնքներում չեն մոռանում նաև աղբահանության մասին խոսել: «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարզվում է դեռ այստեղ չի հասել:
«Աղբը մեկ գալիս հավաքում են, մեկ՝ ոչ: Չկա նաև աղբի համար սահմանված վայր, ով որտեղ հասնում, աղբը դեն է նետում»,– նշեց մեր զրուցակիցը:
Տեղական իշխանությունների տարիների անտարբերությունը նման իրավիճակ է ստեղծել այս գյուղերում: Այսօր տեղացիները ցանկանում են, որ խոշորացման արդյունքում ևս անուշադրության չմատնվեն: Հուսով են գոնե առաջիկայում մեկ– երկու խնդիր լուծված տեսնել:
Մանյա Պողոսյան



