Ամերիկահայ երաժիշտը Ցեղասպանության տարելիցին նվիրված երաժշտական եռապատում է ստեղծել
SOCIETYԱմերիկահայ երաժիշտ, կոմպոզիտոր Դան Եսայանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական նոր ստեղծագործություն է հորինել, որը կոչվում է «Հայկական եռապատում»:
Michigan Radio-ի հետ զրույցում նա նշել է, որ այս նախագիծը չափազանց հարազատ է իրեն:
«Հայկական եռապատումը» բաղկացած է երեք հատվածից դաշնամուրի և ջութակի համար: Դրանց միջոցով Եսայանը, ով Ցեղասպանության արհավիրքների մասին իմացել է իր պապից և տատից, ովքեր անմիջական ականատեսն են եղել Օսմանյան կայսրությունում իրականացված եղերագործության, պատմում է խաղաղասեր հայ ժողովրդի պատմությունը, որը վերապրեց մեծ ողբերգություն՝ կառչած մնալով հույսի մի փոքր կաթիլից:
«Միայն այն, որ ես հայ եմ, չի նշանակում, թե խնդիրն այսքանով սահմանափակվում է: Խնդիրն այսօր էլ շարունակվում է: Ամբողջ աշխարհում այժմ կան խնդիրներ: Ես ցանկանում եմ ասել՝ ե՞րբ ենք մենք ի վերջո սովորելու և արդյոք սովորելո՞ւ ենք երբևէ: Անհավատալի է այն, ինչ մարդկությունն անում է մարդկությանը»,- նշել է Եսայանը:
«Հայկական եռապատում»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա հոկտեմբերի 29-ին Macomb կենտրոնում: Դա լինելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և «Հույսը վերջինն է մահանում» խորագիրը կրող մուլտիդիսցիպլինար ծրագրի մի մասը: Ծրագրի շրջանակում ներկայացվելու են նաև թեմատիկ լուսանկարներ, ֆիլմեր, 3-D քարտեզներ:



