Կարապետյան–Սարգսյան. ակնհայտ կոնֆլիկտ
SOCIETYԵրեկ դասադուլավոր ուսանողները հանդիպել էին վարչապետ Կարապետյանին, ներկա էին նաև Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը: Բավական երկար տևած հանդիպման ընթացքում ակնհայտ դարձավ, որ շատ հարցերում, մասնավորապես, մատուցման հարցում Սարգսյանն ու Կարապետյանը հակասություններ ունեն:
Մինչ այդ էլ մամուլում ամենաքննարկվող լուրերից մեկն այն էր, որ Սամվել և Կարեն Կարապետյանները եկել են եզրահանգման, որ ավելի լավ է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Դատելով արտահոսքի տարածման քանակից, այն համաձայնեցված էր Կարեն Կարապետյանի թիմի հետ:
Սա փաստացի առաջին արտահոսքն է, որտեղ Կարապետյանները փաստացի Սարգսյանի հանդեպ դեմարշից հրաժարվում են և կոմպրոմիսային տարբերակ առաջարկում: Թվում էր, թե ամեն ինչ նորմալ էր, հատկապես Սերժ Սարգսյանի վարչապետության երկրպագուների համար:
Սակայն իրավիճակի հակասականությունը կայանում է նրանում, որ Սերժ Սարգսյանը վարչապետության համար պատրաստում է Վիգեն Սարգսյանին, ինչը Կարապետյանների համար ավելի վտանգավոր է, քան հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Դժվար է ասել, սա իսկապես Կարապետյանների բնական ռեակցիան է, և երկու Սարգսյաններից ընտրություն քիչ թե շատ կոմպրոմիսայինի օգտին: Բայց կա ևս մեկ տարբերակ. առաջ տանելով Վիգեն Սարգսյանին, ուժեղացնելով նրան, նրան կարգելով ազգ–բանակ նախագծի կնքահայր, Սարգսյանը նաև ծուղակ լարեց Կարապետյանների համար, որտեղ նրանք ստիպված եղան տարիքն առած, տարբեր համակարգերում ապրած և միշտ բոլորի մեջ ամենակոմպրոմիսայինը եղած նախագահին գերադասել ագրեսիվ, երիտասարդ, կոմպրոմիսի չգնացող պաշտպանության նախարարից:
Արտակ Ասլանյան



