Բազումում անձրևի հույսին են
SOCIETYԼոռու մարզի Բազում համայնքում խմելու ջուր չկա։ Խնդիրը նոր չէ, այլ տասնյակ տարիների պատմություն ունի։ Բազումի միակ ջրային պաշարը համայնքի միջով անցնող գետն է, այդ ջրով բազումցիները հոգում են կենցաղային հոգսերը՝ լողանում, լվացք անում և ափսեներ լվանում։ Եթե մայրաքաղաքում անձրևը շատերին անհարմարություն է պատճառում, ապա այստեղ ամենասպասվածն է:
Բազումում նաև անձրևաջուրն են օգտագործում:
Գետի ջուրը, սակայն, օգտագործման պիտանի չէ, տարիներ առաջ մասնագետները ստուգել և ասել են, որ այն ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել. վտանգավոր նյութեր է պարունակում։
«Սպասում ենք, առավոտներն ենք ջուր վերցնում, որ գետը պղտորված չլինի: Վերցրած ջուրը եռացնում ենք»,– «Փաստ»ի թղթակցի հետ զրույցում գանգատվեցին բազումցիները:
Այստեղ խմելու ջուր գնել են «Հայ ջրմուղկոյուղուց»: Շաբաթական մեկ անգամ համայնքապետարանը 4,5 տոննա ջուր է գնել և բնակիչներին բաշխել: Երբ խմելու ջուրն անցել է «Վեոլիա ջուր» ընկերության ենթակայությանը, նրանք դադարել են համագործակցել:
«Պայմանագիր է կապում, որ ես իմ մեքենայով գնամ ջուրը բերեմ, բայց մեքենա չունեմ, գնամ որտեղի՞ց առնեմ: Ջուրը գնելու դեպքում մեծ օգուտ էինք տալիս բնակիչներին: Սոցիալապես ի վիճակի չեն: Դե, պատկերացրեք վիճակները: Գյուղի ծայրամասում 11 հոգանոց ընտանիք կա, ինչքան ջուր գնեն, որ կարողանան գոյատևել: Ստիպված այդ վտանգավոր գետի ջուրն են օգտագործում, բա ի՞նչ անեն, ափսեները հո կեղտոտ չե՞ն մնալու»,– ասաց համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը:
Նրա խոսքով՝ գյուղի շուրջ 1000 բնակիչներ տարիներով խմելու ջրի երեսը չեն տեսել այն պատճառով, որ գյուղը բարձր դիրքում է:
Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ շուտով խնդիրը մասամբ լուծում կստանա: Առաջիկա օրերին ջրագծի ներքին ցանցի անցկացման աշխատանքները կսկսվեն: Այսպիսով, համայնքի ծայրամասային թաղամասը ջուր կունենա:
«Ուրախալի կլիներ, որ խնդիրն ամբողջությամբ լուծվեր, բայց այդքան ֆինանսներ չկան: Այդ թաղամասի ամեն մի փողոցի վրա մի կետ ենք թողնելու, որ մարդիկ ջրից օգտվեն»,– ուրախությամբ հայտնեց Հարությունյանը:
Բազումի բազում խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Ոռոգման ջուրը ևս բացակայում է: Հողը մշակում են կրկին անձրևի հույսով:
Բնակիչները նեղսրտում են, որ այսպիսի պայմաններում ապրելն այլևս անհնար է: Ամիսներով սպասում են անձրևին, որ կենցաղային հարցերը լուծեն և հողագործությամբ զբաղվեն։
Մանյա Պողոսյան



