Երվանդ Բոզոյան. «1995 թ. Սահմանադրությունը թաղեց տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը»
SOCIETY
Երեկ Հայաստանում Տեղական ինքնակառավարման օրն էր նշվում:
Հայաստանյան ՏԻՄ ինստիտուտը կայացած համարո՞ւմ է հարցին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանեց, որ վերջին 20–25 տարվա ընթացքում ՏԻՄ համակարգը չկարողացավ կայանալ։ Ասում է, թե 1988–90 թթ., երբ նոր դեմոկրատական ուժերը եկան իշխանության, թվում էր, թե առաջին խնդիրը, որ պիտի լուծվեր, պետք է լիներ տեղական ինքնակառավարման համակարգի հաստատումը, իշխանությունների տարանջատումը օրենսդիր ու գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգի լայն զարգացումը։ Սակայն այդպես բնավ չեղավ։
«Ցավոք սրտի, 1995 թ. Սահմանադրությամբ ամբողջովին վերացվեցին նույնիսկ այն եղած մնացուկները, որ կային կոմունիստական ժամանակաշրջանում։ Այն, կարելի է ասել, թաղեց տեղական ինքնակառավարման համակարգն ընդհանրապես։ 2005 թ. սահմանադրական փոփոխությունները տեղական ինքնակառավարման համակարգի ոլորտում գրեթե ոչինչ չավելացրեցին»։
Քաղաքագետը գտնում է, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության հաղթանակը նույնպես ոչինչ չի կարող փոխել. «Դիցուք նախորդ տարի Վանաձորում և Գյումրիում եթե հաղթեին ընդդիմության ներկայացուցիչները, ի՞նչ էր փոխվելու այդ քաղաքների կյանքում։ Ոչինչ, որովհետև կենտրոնական իշխանությունը գտնվում էր այլ քաղաքական ուժի ձեռքերում։ Նրանք կարող էին հեշտությամբ, ճնշելու արդյունքում լուծեին ցանկացած խնդիր։ Գիտենք, որ գրեթե բոլոր քաղաքները և գյուղերը համատարած ֆինանսների պակաս ունեն։ Վանաձորի և Գյումրիի քաղաքային կարիքները բավարարելու համար եղած բյուջեին կենտրոնական իշխանությունը մոտ 2 անգամ ավելի գումար պիտի տրամադրեր։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանությունը այդ քվոտաները տալու ժամկետը ձգձգելով կամ ճնշելով կարող է անտանելի վիճակի մեջ դնել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
Զարգացած երկրներում ֆինանսական հոսքերի 60–70%–ը գտնվում է տեղական ինքնակառավարման համակարգում։ 1990–ական թթ. Հայաստանում դա մոտավորապես 0,9% էր, 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո դարձավ մոտավորապես 6–7%։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իշխում է նա, ով պատվիրում է ֆինանսներով։ Հայաստանյան ֆինանսաքաղաքական համակարգը այնպիսին է, որ բոլոր ֆինանսական հոսքերը կենտրոնական իշխանությունը հավաքում է իր բուռը, հետո սկսում է դոզավորված բաժանել բոլոր ոլորտներում։ Սա աննորմալ վիճակ է, և զարգացած երկրներում նման բան չկա։ Հայաստանում չկա ֆինանսական հոսքերի դեցենտրալիզացիա, ինչը թույլ չի տա տեղական ինքնակառավարման համակարգի զարգացում։ Իսկ այդ զարգացման բացակայությունը բերում է նրան, որ ժողովուրդը գյուղերում, քաղաքներում ապրելու է շատ ավելի վատ, քան Երևանում, ինչն էլ հանգեցնելու է տեղական ընտրությունների ֆորմալ բնույթ կրելուն»,– նշեց նա։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



