Ամեն մեկը տեղից վեր է կենում, ուզում է դայակ աշխատել
SOCIETYԱշխատող մայրերին պետության աջակցությամբ այսուհետ դայակ վարձելու հնարավորություն կընձեռվի: Պետությունը կփոխհատուցի դայակի աշխատավարձի 50%–ը, եթե կինը, ում խնամքի տակ կա մինչև երկու տարեկան երեխա, որոշել է ընդհատել խնամքի արձակուրդը և ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի:
Այս պարագայում ծնողի և դայակի միջև ստորագրվելու է պայմանագիր: Եթե չկա պայմանագիր, պետությունը չի փոխհատուցում գումարը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում սոցիալական նոր ծրագրի քննարկման ժամանակ պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ այս օրենքով դայակները ևս կբերվեն հարկային դաշտ:
Դայակներին հարկելը դայակներ տրամադրող գործակալության ղեկավարը Past.am-ի հետ զրույցում աբսուրդ որակեց: Հասկանալի պատճառներով նա չցանկացավ ներկայանալ:
«Դայակ կա՝ մեկ տարի է աշխատում, ի՞նչ է, նա դրա համար պետք է հարկային դաշտ մտնի և, օրինակ՝ 60000 դրամ վճարի: Դայակ կա նույնիսկ 3 ամիս է աշխատում: Սխալ է այդպիսի կարգ սահմանելը: Էդ մարդիկ երկու կոպեկ են աշխատում, չպետք է նրանց հարկել»,– նկատեց նա:
Նրա խոսքով՝ այսօր շատերն են ցանկանում դայակ աշխատել: Տարիքի պատճառով մեծ մասը գործազուրկ են դառնում: Պարապ չնստելու փոխարեն որոշում են երեխա խնամել: Դայակի ծառայություն մատուցում են 40 տարեկանից բարձր կանայք:
«Հայաստանում 50 տարեկաններին գործ չկա, կա՛մ կրճատում են, կա՛մ գործի չեն վերցնում, և որոշում են գնան դայակություն անեն»,– ասաց նա:
Դայակի աշխատավարձը սկսվում է 110000 դրամից, կամ էլ կախված է նրանից, թե ինչքան ունևոր է տվյալ փոքրիկի ծնողը: Գործում է նաև ժամավճար: Մեկ ժամ փոքրիկին պահելու համար առաջարկվող գինը տատանվում է 500–ից 1000 դրամի սահմաններում:
«Էդ 500 դրամն էլ է աբսուրդ: Նորմալ գներ պետք է սահմանված լինեն: Էդ գնով օգտվում են նրանք, ովքեր փորձ չունեն: Մեկ– երկու ամիս աշխատում են, փորձ են ձեռք բերում և դուրս գալիս»,– նկատեց մեր զրուցակիցը:
Այդուհանդերձ, նա չի շրջանցում նաև ոլորտի խնդիրները: Դայակներ տրամադրող գործակալության ղեկավարին մտահոգում է այն, որ երեխաներին խնամել ցանկացողները հաճախ կրթություն չեն ունենում:
Մանյա Պողոսյան



