Գինու և կոնյակի արտադրությունն ավելացել է, բնական հյութերինը՝ նվազել
SOCIETY2017 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5872,6 հազար լիտր գինի: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալներից: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 4295,9 հազար լիտր գինի: Արտադրությունն աճել է 36,7%–ով: Շամպայն–գինիների արտադրության ծավալներն ավելացել են 11,4%–ով` կազմելով 357,5 հազար լիտր:
Ըստ ԱՎԾ–ի՝ ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները:
Հունվար–սեպտեմբեր ամիսներին՝ հանրապետությունում արտադրվել է 17766,8 հազար լիտր գարեջուր` 2016 թ.–ի համեմատ աճելով 10,9%–ով:
Նույն ամիսներին արտադրվել է 4082,2 հազար լիտր օղի և օղու լիկյոր: 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28,2%–ով: Նախորդ տարի 5681,7 հազար լիտրի է հասել արտադրությունը:
Իսկ կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են: Նախորդ տարվա 13503,3 հազար լիտրի դիմաց պատրաստվել է 21134,0–ը:
Նշված ժամանակահատվածում 19%–ով նվազել են վիսկիի արտադրության ծավալները: Եթե 2016 թ.–ի հունվար–սեպտեմբերին արտադրվել է 1083 հազար լիտր վիսկի, ապա 2017 թ.–ի նույն ժամանակահատվածում՝ 876,7 հազար:
70525,1 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք է արտադրվել: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30,8%–ով:
Մինչդեռ բնական հյութերի արտադրությունը նվազել է: Ինը ամիսներին հանրապետությունում բնական հյութերի արտադրությունը նվազել է 4,7%–ով՝ կազմելով 8554,4 հազար լիտր:
Հանքային ջրերի ոլորտում ևս նվազում է արձանագրվել: ԱՎԾ–ի հրապարակած թվերով՝ սեպտեմբերի դրությամբ արտադրվել է 27954,9 հազար լիտր հանքային ջուր, 2016 թ.–ին հասել է 29238,2 հազար լիտրի:
Մանյա Պողոսյան



