Նորամարգում աթարի հույսին են
SOCIETYԱրարատի մարզի Նորամարգ համայնքը գազաֆիկացված է, բայց ոչ բոլորն են կապույտ վառելիքի երեսը տեսնում: Փողոցների մեծ մասում խողովակներ չեն անցկացված:
Նորամարգի բնակիչները Past.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին համայնքի պայմաններից:
«Եթե գազ լինի, գոնե կարող ենք այն կենցաղում օգտագործել: Հոսանքով ենք կենցաղային հարցերը լուծում: Եթե ուզում ենք գազ օգտագործել, ստիպված ենք բալոնն առնել ու ման գալ, թե որտեղ են գազ լցնում»,– գանգատվեցին նրանք:
Կապույտ վառելիքն այստեղ հասել է Համաշխարհային բանկի շնորհիվ: 5 տարի առաջ խողովակաշարը Նորամարգ են հասցրել: Համայնքի ղեկավար Սարգիս Գալստյանի խոսքով՝ ներքին ցանցն ամբողջությամբ անցկացնելու համար մոտ 140 միլիոն դրամ ներդրում է անհրաժեշտ: Այսքան գումարը 2000 բնակիչ ունեցող համայնքի բյուջեի համար թանկ հաճույք է:
«Ինչ–որ մեկին չենք գտել, որ ներդրում անի: Գյուղապետարանը ֆինանսական միջոցներ չունի, որ 500– 600 մետր գիծ անցկացնի, որից պետք է մոտ 5–6 հոգի օգտվի»,– նշեց համայնքի ղեկավարը:
Պարբերաբար գազ ունենալու ցանկությամբ նորամարգցիները համայնքապետարան են դիմում: Գալստյանն ասաց, որ նրանց թիվն այդքան էլ մեծ չէ: Շատերը գազ վառելու գումար չունեն:
«Մարդ կա՝ խողովակը պատուհանի տակով անցնում է, բայց չի վառում: Ոչ բոլորն են ցանկանում գազ վառել, թանկ է, այդքան գումար չեն կարող վճարել»,– փոխանցեց նա:
Նորամարգցիներն այսօր փայտի ու աթարի հույսին են: Գրունտային ջրերով հարուստ հողերում, որտեղ գերակշում են ճահճուտներն ու աղուտները հող մշակելը գրեթե անհնարին է: Տեղացիներն անասնապահությամբ են զբաղվում:
«Փայտն էլ է թանկացել, դա էլ գնելու հնարավորություն չկա: Մենակ աթար կարող ենք վառել: Աթարն էլ, բայց քիչ է: Մարդիկ շատ անասուններ չունեն, ամեն մեկը մեկ–երկու կով է պահում, դրանց աթարով ձմեռը չես կարող յոլա գնալ»,– նկատեցին գյուղացիները:
Տեղացիներն առաջնային են համարում նաև ճանապարհների վերանորոգումը: Խնդիրները, սակայն, նրանց չեն ընկճում: Ասում են՝ երիտասարդ համայնք է, բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ՝ կամաց–կամաց ամեն բան տեղը կընկնի:
Նորամարգը 28 տարեկան է: 1989 թվականին է հիմնվել: Ադրբեջանից բռնագաղթած հայերն այստեղ են բնակեցվել: Նախկինում քրդեր են ապրել:



