Աշխատող մայրերը պետության հաշվին դայակ վարձելու հնարավորություն կստանան
SOCIETYՀայաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երիտասարդ մայրերին աշխատանքը և երեխայի խնամքը համատեղող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնություն: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Զբաղվածության ոլորտում նախատեսում ենք երեք նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալ–ժողովրդագրական խնդիրների որոշակիորեն լուծմանը: Ազգային ժողով ենք ներկայացրել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում ենք ներդնել երիտասարդ մայրերի համար աշխատանքը և երեխայի խնամքը զուգակցելու ծրագիր»,– ընդգծեց նախարարը:
Նա մանրամասնեց, որ այդ ծրագրի ներդրումն աշխատող մայրերին, ովքեր գտնվում են մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում, մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու պարագայում պետության հաշվին դայակ վարձելու հնարավորություն կտա:



